Հայաստանի քաղաքացի աշխատանքային միգրանտները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում օրինական բնակվող են համարվում այնքան ժամանակ, որքան վավեր է աշխատանքային պայմանագիրը: Ընդ որում, պայմանագրում նշված ժամկետում նրանք կարող են ցանկացած պահի մուտք և ելք գործել այդ երկիր' առանց ավելորդ խնդիրների: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր կարճաժամկետ աշխատանք են կատարում արտարկրում, հիմնականում մեկնում են Ռուսաստան, հետևաբար նրանց համար կարևոր է իմանալ այն փոփոխությունները, որոնք կատարվել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո:

 

«Հիմնական փոփոխությունը, որ կատարվել է հունվարի 2-ից հետո, այն է, որ այսուհետ աշխատանքային միգրանտը կարիք չունի ԵՏՄ անդամ պետության տարածում ստանալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում' «պատենտ»: Ավելին, աշխատանքային միգրանտը, կնքելով պայմանագիր գործատուի հետ կամ ծառայությունների մատուցման պայմանագիր' անձի հետ, օրինական գտնվում է այդ երկրում, մինչև աշխատանքային պայմանագրի գործողության ավարտը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Եգանյանը:

 

Միգրացիոն ծառայության պետը նաև տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանագրի հիման վրա աշխատող ՀՀ քաղաքացիներից այլևս չի պահանջվում ներկայացնել մի շարք փաստաթղթեր: «Այլևս պարտադիր չէ ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող փաստաթուղթը: Բացի այդ, անհրաժեշտ չեն նաև թմրամոլության, ինֆեկցիոն հիվանդությունների կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բացակայության վերաբերյալ փաստաթղթեր»,- ասաց Գագիկ Եգանյանը: Նա տեղեկացրեց, որ ՌԴ տարածք մուտք գործելիս Հայաստանի քաղաքացիները պետք է լրացնեն միգրացիոն քարտ' «այցի նպատակը» տողում լրացնելով «աշխատանք» բառը: «Քարտը լրացնելու պահանջից ազատվում են միայն նրանք, ում' ՌԴ-ում գտնվելու ժամկետը չի գերազանցելու 30-օրյա ժամկետը»,- հավելեց նա:

 

2015թ. հունվարի 2-ից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը։ Ստորագրված պայմանագիրն անցել էր Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վավերացման ազգային ընթացակարգերով, իսկ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի ամբողջացման մասին: