Հայաստանում ստոմատոլոգիական ծառայությունների թանկացումները պայմանավորված են ինչպես համաշխարհային շուկայում ատամնաբուժական նյութերի և սարքավորումների գների բարձրացմամբ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության ընդհանրացված հարկային դաշտով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը:

 

«Վերջին շրջանում դրամի փոխարժեքի տատանումների հետ կապված բավական փոփոխություններ են տեղի ունեցել նաև այս ոլորտում: Թանկացումներն անխուսափելի են, քանի որ ամբողջ աշխարհում աստիճանաբար թանկանում են նյութերը, սարքավորումները: Թանկացումները պայմանավորված են նաև Մաքսային միության ընդհանրացված հարկման դաշտով»,- մեկնաբանեց Եսայանը:

 

Նրա խոսքով' Հայաստան ներկրվող բժշկական սարքավորումների և նյութերի փոքր մասն է բերվում ԵՏՄ շուկայից, հիմնական մասը ներկրվում է Միացյալ Նահանգներից, Չինաստանից և եվրոպական երկրներից: