Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը դրական է գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական արձանագրություններն ազգային ժողովից հետ կանչելու ՀՀ Նախագահի քայլը: Փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը կարծիք հայտնեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Նախագահին այլ բան չէր մնո ւմ անել, քան հետ կանչել այդ արձանագրությունները, քանի որ Թուրքիան որևէ քայլ չարեց դրանք վավերացնելու համար:

 

«Ես դրական եմ գնահատում Նախագահի քայլը և այն կարծիքին եմ, որ սա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ շատ ճիշտ քայլ էր: Թուրքիան այս ընթացքում որևէ քայլ չարեց հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ, ուստի տրամաբանական էր, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը պետք է այդ արձանագրությունները հետ կանչեր Ազգային ժողովից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարտիրոսյանը:

 

Պատգամավորը նշեց, որ ինքն ի սկզբանե կողմ է եղել հայ-թուրքական արձանագրություններին՝ ընդծելով, որ նույնիսկ այն դեպքում, երբ դրանք չեն վավերացվել, Հայաստանը դիվանագիտական օգուտներ է քաղել: «Մենք միջազգային հանրությանը ցույց ենք տվել, որ, չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, պատրաստ ենք գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով: Եվ միջազգային հանրությունն էլ արդեն տեսել է, որ արձանագրությունները ոչ թե մենք չենք ցանկացել վավերացնել, այլ հենց Թուրքիան: Մենք դիվանագիտական օգուտներ այս ամենից քաղել ենք, սակայն դրանք ավելի մեծ կլինեին, եթե վավերացվեին երկու երկրների կողմից»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

 

Նա նաև կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալված չէ, և ապագայում հնարավոր է արձանագրությունները կրկին օրակարգ վերադառնան:

 

Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ նշեց, որ ինքն ի սկզբանե դեմ է եղել հայ-թուրքական արձանագրություններին, քանի որ դրանց վավերացումը կարող էր լուրջ վտանգներ ներկայացնել Հայաստանի համար: Նրա խոսքով՝ շատ դժվար է հասկանալ. արդյոք Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալ, և ինչի դա կհանգեցնի: Խաչատրյանն ընդգծեց, որ ողջունում է արձանագրություններն Ազգային ժողովից հետ կանչելու ՀՀ Նախագահի նախաձեռնությունը: