Ադրբեջանում ներկայում 23 խղճի դատապարտյալներ կան, որոնց թվում են մարդու իրավունքները պաշտպանող բլոգերներ, քաղաքական ակտիվիստներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ եւ փաստաբաններ, իսկ անցյալ տարվա կեսին Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի նախագահությունը իրավիճակի փոփոխության չի հանգեցրել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության զեկույցում, որում ներկայացվում է աշխարհի 160 երկրներում մարդու իրավունքների իրավիճակը 2014-2015 թվականներին:

 

Զեկույցի համաձայն' Ադրբեջանում շարունակվում են հասարակական կազմակերպությունների ղեկավարների դեմ իշխանությունների սպառնալիքներն ու հետապնդումները, նրանց նկատմամբ ոստիկանական շրջայցեր են իրականացվում, խլվում են տեխնիկան եւ ունեցվածքը, արգելվում է նրանց ազատ տեղաշարժը: ՀԿ-ների նվազագույնը 10 առաջատար իրավապաշտպաններ զրկվել են գործունեություն ծավալելու իրավունքից, քանի որ նրանց բանկային հաշիվները սառեցվել են: Ընդունված նոր օրենքով ՀԿ-ների գործունեության դեմ լրացուցիչ սահամանափակումներ են մտցվել, հոդվածներ են ընդունվել' կամային կ երպով ՀԿ-ների դեմ քրեական գործեր բացելու համար:

 

Նաեւ նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բանտեր նետել կառավարությանը քննադատող մարդկանց, քաղաքական ակտիվիստներին եւ լրագրողներին: Տարվա վերջին Ադրբեջանում նվազագույնը 20 խղճի դատապարտյալ է հաշվառվել, որոնց այս տարի ավելացել են եւս երեքը: Նրանց մեղադրում են խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության, թմրանյութերի հետ կապված հանցագործությունների եւ «ծառայողական լիազորությունները չարաշահելու» մեջ:

 

Փաստացի արգելքի տակ են հայտնվել ցույցերը, բացի նրանցից, որոնք թույլատրվել են անցկացնել հեռավոր շրջաններում: Բաքվի կենտրոնում իրավապահ մարմինները բռնություն եւ ոչ իրավաչափ ուժ են կիրառել «չարտոնված» խաղաղ հավաքները կանխելու եւ ցրելու համար, նշված է զեկույցում:

 

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ ԶԼՄ-ների ազատության վարկանիշով աշխարհի 180 երկրների մեջ Ադրբեջանը զբաղեցնում է 162-րդ տեղը: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանին դասել է «անազատ» եւ «բռնատիրական» երկրների շարքը: CPJ կազմակերպությունը Ադրբեջանին համարել է տարածաշրջանում լրագրողների «գլխավոր բանտապան»: ԵԽԽՎ-ն եւ Եվրոպայի Խորհուրդն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների' գնալով վատացող իրավիճակի համար:

 

Միջազգային կազմակերպությունները նշում են Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալների առկայության մասին: