Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկել է միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Ղրիմի բռնակցման ժամանակ, եթե արևմտյան երկրները զինված դիմակայություն ցուցաբերեին:
Այս մասին ՌԴ նախագահը պատմել է Անդրեյ Կոնդրաշովի «Ղրիմ: Ճանապարհ դեպի հայրենիք» փաստագրական ֆիլմում, որը կիրակի օրը ցուցադրվել է Ռուսաստանի «Առաջին ալիքով»: Ֆիլմը նվիրված է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման 1-ին տարելիցին, փոխանցում է BBC-ն:
«Մենք պատրաստ էինք դա անել: Ես խոսեցի (արևմտյան) իմ գործընկերների հետ և ասացի նրանց, որ դա (Ղրիմը) մեր պատմական տարածքն է, այնտեղ ռուս մարդիկ են ապրում, նրանք վտանգի մեջ են, մենք չենք կարող նրանց լքել»,- ասել է Պուտինը:
Դատելով Պուտինի խոսքերից՝ ինքը հավատում է, որ ԱՄՆ-ն պատրաստ էր պատերազմել Ռուսաստանի հետ հանուն Ղրիմի:
«Մենք չենք կատարել պետական հեղաշրջում: Դա արել են ազգայնականներն ու ծայրահեղ համոզմունքների տեր մարդիկ: Դուք նրանց աջակցել եք: Բայց դուք որտե՞ղ եք գտնվում. հազարավոր կիլոմետրեր այն կո՞ղմ։ Իսկ մենք այստեղ ենք, և սա մեր հողն է: Դուք ինչի՞ համար եք ցանկանում այնտեղ պայքարել։ Չգիտե՞ք։ Իսկ մենք գիտենք: Եվ մենք դրան պատրաստ ենք»,- ֆիլմում ասում է Պուտինը՝ ակնհայտորեն խոսքն ուղղելով ԱՄՆ-ին:
Ինչպես խոստովանել է Պուտինը, Ղրիմի բռնակցումն ուղեկցվել է ռազմական գործողությամբ, որպեսզի թերակղզին պաշտպանվի հնարավոր ռազմական զավթումից: