Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը կոչ է արել արաբական երկրներին' ապահովել Եմենի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը' դեմ հանդես գալով երկրի ներքին գործերին օտարերկրյա միջամտությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

 

Վերջին օրերս իրավիճակը Եմենում կտրուկ վատթարացել է: Սաուդյան Արաբիան եւ մի շարք այլ երկրներ հայտարարել են այս երկրում ապստամբ հոութիների դեմ ռազմական օպերացիա սկսելու մասին:

 

«Ելնելով Եմենում սահմանադրական օրինականության, արաբական բոլոր երկրներում' միասնության պահպանման անհրաժեշտությունից, Լիբանանը կողմ է Եմենի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանմանը»,- ասել է Սալամը' հանդես գալով Արաբական պետությունների լիգայի' Եգիպտոսում անցկացվող համաժողովին:

 

Վարչապետը շեշտել է, որ իրավիճակը Եմենում պետք է կարգավորվի քաղաքական միջոցներով եւ քննադատել է Յեմենում շիադավան հոութիների դեմ Սաուդյան Արաբիայի եւ մի շարք այլ երկրների կողմից իրականացվող ռազմական օպերացիան:

 

Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանում գտնվող Սա քաղաքում բնակվող հոուշիները իսլամի առաջնորդներ են համարում Մուհամեդ մարգարեի 5 թոռներ' իմամներ Ալիին, Հասանին, Հուսեյնին, Զեյնալաբդինին եւ Զեյդին, եւ հանդիսանում են իսլամի շիա ուղղության հետեւորդներ: Նրանք մերժում են ժողովրդավարական բազմակարծությամբ պետական համակարգը եւ ցանկանում են Եմենը վերածել իսլամական պետության:

 

Եմենը 1517 թվականին բռնակցվել էր Օսմանյան կայսրությանը եւ այդ լծից ազատվել 1918 թվականին: Եմենը հանրապետություն է հռչակվել 1962 թվականին: Հոուշի ապստամբները գտնում են, որ իրենք սերում են Մուհամեդ մարգարեի ցեղից, եւ այդ պատճառով Եմենի պետությունը կառավարելու իրավունքը տրված է միայն իրենց: