Միջազգային ահաբեկչական «Ալ-Քաիդա» ցանցի գրոհայինները գիշերը հարձակում են իրականացրել Եմենի Հադրամաութ նահանգի Ալ-Մուքալլա քաղաքի վրա: Զինյալները հարձակվել են կենտրոնական բանտի վրա և մի քանի հարյուր կալանավորի ազատ արձակել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News Arabia-ին:

 

Համաձայն տեղական աղբյուրների՝ մարտերը շարունակվում են քաղաքի մի քանի շրջանում:

 

Բացի քրեակատարողական հիմնարկից, մարտեր են ընթանում նաև նախագահական պալատի, կենտրոնական բանկի, նավահանգստի մոտակայքում:

 

Ականատեսների վկայությամբ՝ մարտերին մասնակցում է նաև հրետանին, փողոցներում պայթյունների ու կրակոցների ձայները չեն դադարում:

 

Բանտերից ազատ արձակվածների մեծ մասը կապ են ունեցել «Ալ-Քաիդայի» հետ: Հաղորդվում է, որ նրանց թվում նաև խմբավորումների ղեկավարներ կան:

 

Եմենը, որտեղից սերում է Ուսամա բեն Լադենի ընտանիքը, վաղուց արդեն ծայրահեղական իսլամիստների ապաստարան էր դարձել: Վերջին տարիների ընթացքում երկրում ահաբեկչությունների բազմաթիվ դեպքեր են իրականացվել: