Իրաքի զինված ուժերը հետ են մղել «Իսլամական պետություն» գրոհայինների հարձակումը երկրի հյուսիսային Աջիլ նավթահանքի վրա' ոչնչացնելով 73 իսլամիստի: Այս մասին հայտնում է Iraqi News պարբերականը' վկայակոչելով «Դիջլա» շտաբի հրամանատար գեներալ Աբդել Ամիր ազ-Զեյդին:

 

 

Գրոհայինները հարձակվել են կիրակի օրը Թիքրիթից ոչ հեռու:

 

 

«Միավորված ուժերի և ԻՊ-ի գրոհայինների միջև դաժան բախումներ են սկսվել, երբ իսլամիստները գրոհել են Աջիլ հանքավայրը, որը գտնվում է Թիքրիթից արևելք: Բախման արդյունքում զոհվել է 73 գրոհային՝ ներառյալ օտարերկրացի վարձկաններ»,- հայտնել է ազ-Զեյդին:

 

 

Նա նաև ասել է, որ գրոհայինների հետ բախումների ժամանակ զոհվել է 3, վիրավորվել' 13 զինծառայող: