ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը «սառույցը կոտրվել է, սակայն դեռ երկար ճանապարհ կա անցնելու երկկողմ հարաբերությունների բարելավման համար»: Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն այսպես է մեկնաբանել մայիսի 12-ին Սոչիում կայացած հանդիպումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Երկու կողմերը նշել են դրական պահերը»,- գրում է CNN-ը: «Ռուսների հետ շատ դժվար է բանակցություններ վարել,- հեռուստաընկերությունը մեջբերել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի հետախուզության կոմիտեի անդամ Ջեյմս Ռիշի խոսքը:- Նրանք շատ համառորեն են պաշտպանում իրենց շահերը»:

 

Թեև «բեկում տեղի չունեցավ», բանակցությունների տոնն «ավելի հանգիստ էր», նշել է The Wall Street Journal թերթը: «ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի նրա պաշտոնակիցը չհայտարարեցին մի ամբողջ օր տևած բանակցություններից հետո Արևելքի և Արևմուտքի միջև հարաբերություններում լուրջ տեղաշարժերի մասին, որոնց մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը,- գրում է թերթը:- Ջոն Քերին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել են Ուկրաինայի ճգնաժամի հարցում պահպանվող տարաձայնությունները, բայց հայտարարել են, որ կողմերից յուրաքանչյուրը լի է վճռականությամբ՝ հասնելու փետրվարին համաձայնեցված պայմանավորվածությունների կատարմանը, և խոստացել են օգտագործել իրենց ազդեցությունը՝ համոզելու բոլոր մասնակիցներին՝ համագործակցել այդ գործընթացում»:

 

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մեկնաբանելով Պուտինի և Քերիի հանդիպման արդյունքները, կարծիք է հայտնել, որ Կրեմլում այն գնահատում են որպես երկու մեծ տերությունների համագործակցության վերադառնալու անհրաժեշտության ըմռնման նշաններ:

 

«Բանակցությունները տևական էին, անկեղծ, գործնական բնույթ էին կրում, և, ես կասեի, բավականին բարյացակամ էին: Պետքարտուղարը ողջույն փոխանցեց Օբամայից, ընդգծեց, որ Օբաման խիստ շահագրգռված է, որ ՌԴ նախագահն ընդունի պետքարտուղարին»,- ասել է Ուշակովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: