Օգոստոսի մեկից, ինչպես արդեն տեղեկացրել էինք, էլեկտրաէներգիան կթանկանա: ՀԾԿՀ-ի որոշման համաձայն' 0.38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում՝ տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար կկազմի 48.78 դրամ՝ նախկին 41.85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը (ժամը 23.00-ից մինչև 7.00)' 38.78 դրամ՝ նախկին 31.85 դրամի փոխարեն:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքվեց՝ արդյոք նախատեսո՞ւմ է այսօր բողոքի ակցիայի մասնակիցների հետ լինել նախագահական նստավայրի դիմաց և հենց այնտեղ ներկայացնել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իր պահանջը, պատասխանեց. «Ողջունում եմ բողոքի գործողությունները, բայց կարծում եմ, որ չպետք է սահմանափակվենք Ազատության հրապարակով, այլ դա պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության բոլոր հրապարակներում»։
Պատգամավորը նշեց, որ ինքն արդեն եղել է Ազատության հրապարակում, սակայն նախագահական գնալու խնդիր չի հետապնդում և անգամ չգիտի՝ ինչ է կազմակերպվել։ Հարցին, թե արդյոք խնդրի լուծման համար նախագահական գնալը լա՞վ տարբերակ է, տիկին Փոստանջյանը նկատեց, որ դա որոշումը կայացնողների գործն է. «Մենք նախագահ չունենք»,- այսպես եզրափակեց պատգամավորը մեր հարցի պատասխանը։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիան: Դրանից հետո մինչև այսօր մի շարք քաղաքացիներ նստացույց են իրականացնում Ազատության հրապարակում՝ պահանջելով, որ էլէներգիայի նախկին սակագինը պահպանվի: