Հունաստանի կառավարությունը միջազգային վարկատուներին է առաջարկել պետական ֆինանսների առողջացմանը նպատակամղված՝ ավելի արմատական բարենորոգումների պլան՝ նրանց կողմից զիջումների և մինչև 2018 թվականի կեսերը 53,5 միլիարդ եվրո գումարի ֆինանսավորման փոխարեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 10-ին հաղորդել է Reuters գործակալությունը, որին հաջողվել է ծանոթանալ այն առաջարկություններին, որոնք Աթենքը հուլիսի 9-ին ուղարկել է Եվրախմբի ղեկավար Երուն Դեյսելբլումին:
Գործակալության տվյալներով՝ Հունաստանի կառավարությունն առաջարկել է նոր միջոցներ, ինչպիսիք են նավագնացային ընկերությունների հարկի բարձրացումը և Հունաստանի կղզիների համար հավելադիր արժեքի հարկի արտոնությունների վերացումը, որի պահպանման համար նա ավալի վաղ պնդում էր: Աթենքը նաև մտադիր է մեծացնել հավելադիր արժեքի հարկը ռեստորանների համար, իրականացնել կենսաթոշակային բարենորոգություն, կազմել պետական ունեցվածքի մասնավորեցման գրաֆիկ:
Իր կողմից այս զիջումների փոխարեն Հունաստանը վարկատուներից սպասում է առաջիկա չորս տարվա համար բյուջեի առաջնային հավելուրդի չափի նպատակային կողմնորոշիչների վերանայում և իրեն մինչև 2018 թվականի հունիսի վերջը 53,5 միլիարդ եվրոյի (59 միլիարդ դոլարի) չափով ֆինանսական օգնության նոր ծրագրի տրամադրում՝ պետական պարտքի հանձնառությունների մարման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: