ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացել է նախարարության Ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը: Այն վարել է կոմիտեի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր Ներքին աուդիտի 2015թ. տարեկան ծրագրով նախատեսված մի շարք ՊՈԱԿ-ներում և հիմնադրամներում իրականացված համակարգի գնահատման աուդիտի հաշվետվությունների քննարկումը: Նշվել է, որ համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել 30 կազմակերպությունում' 2 բուհ, 14 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն,14 դպրոց: Հիմք ընդունելով բացահայտված թերությունները' կոմիտեն քննարկումների արդյունքում առաջարկել է' վերոնշյալ ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կիրառել կարգապահական տույժեր, մասնավորապես, երկու տնօրենի նկատմամբ' խիստ նկատողություն, 9-ի' նկատմամբ' նկատողություն, մնացածի նկատմամբ' նախազգուշացում:

 

 

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թերությունների և խախտումների հիմնական պատճառը հանրակրթության և ՄԿՈՒ ոլորտում պատասխանատուների մասնագիտական ցածր պատրաստվածությունն է, իսկ բուհերում' օրինականության պահպանման խնդիրը: Այդ համատեքստում նախարար Արմեն Աշոտյանը համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարել է բուհերում նախատեսվող աուդիտի ընթացքում ուսումնասիրել բյուջետային հատկացումների, գնումների, մրցույթների անցկացման օրինականության, զեղչային համակարգի կիրառման հետ կապված խնդիրները: Հանրակրթության և ՄԿՈ Ւ ոլորտում տնօրենների մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով նախարարը հանձնարարել է տնօրենների հավաստագրման հարցաշարում ընդգրկել տվյալ գործընթացներին վերաբերող համապատասխան հարցեր:

 

 

Բացի այդ, կոմիտեն որոշել է' համապատասխան հանձնարարականներ տալ տվյալ կազմակերպությունների տնօրեններին՝ ձեռնարկել միջոցառումներ բացահայտված թերությունների և բացթողումների շտկման, ինչպես նաև դրանք բացառելու ուղղությամբ, հանձնարարել կազմակերպությունների տնօրեններին՝ գործողությունների ծրագրով սահմանված ժամկետների ավարտից հետո 10-օրյա ժամկետում նախարարին ներկայացնել տեղեկատվություն' ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

 

 

Որոշվել է հանձնարարել աշխատակազմի Ներքին աուդիտի վարչությանը' իրականացնել մոնիթորինգ կազմակերպություններում հաճախակի կրկնվող թերությունների ու բացթողումների վերաբերյալ, առաջարկել համակարգային լուծումներ, հանձնարարել աշխատակազմի ներքին աուդիտի վարչությանը' ամփոփել ստացված տեղեկատվությունը և Ներքին աուդիտի կոմիտեի հաջորդ նիստին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն' կատարված աշխատանքների վերաբերյալ: