Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 4-ին ընդունել է օգոստոսի 11-ին ԼՂՀ հյուսիսարևելյան հատվածի զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով գլխի հրազենային վնասվածք ստացած ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավոր Բարեշնորհ Հովհա ննես սարկավագ Գալստյանին' Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ:


Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Նորին Սրբությունն իր օրհնությունն է փոխանցել Հովհաննես սարկավագ Գալստյանին' շուտափույթ ապաքինում մաղթելով նրան: Վեհափառ Հայրապետը, փառք տալով Երկնավորին, որ Տիրոջ ողորմությամբ կանխվել է Հովհաննես սարկավագի կյանքին սպառնացող վտանգը, շեշտել է, որ Հայ եկեղեցու ամեն մի հավատացյալ և հոգևորական հպարտ է Հովհաննես սարկավագի դրսևորած արի ոգով ու խիզախ պահվածքով:


Գնահատանքով անդրադառնալով Հայոց բանակում հայ հոգևորականների առաքելությանը' Նորին Սրբությունը նշել է, որ մեծ մխիթարություն է տեսնել' ինչպես են Հայ եկեղեցու հոգևորականները, ի դեմս Հովհաննես սարկավագի, իրենց նվիրյալ ու նախանձախնդիր ծառայությունն իրականացնում' սպասավորելով հայ զինվորին, անգամ մարտական դիրքերում մշտապես կանգնած լինելով նրա կողքին և նրա հետ հաճախ հայտնվելով կյանքի և մահվան սահմանագծում:


Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ ողջունել է Հովհաննես սարկավագի որոշումը' շարունակելու իր ծառայությունը Հայոց բանակին և Հայրենիքին:


Ներկայիս Հայոց բանակի հոգևոր առաջնորդության կազմում ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասերում իրենց ծառայությունն են բերում 52 եկեղեցականներ: