ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիների մեծագույն արժեք է համարում հայ ժողովրդի արժանապատվության զգացումը: «Մեր անկախության առաջին տարիների մեծագույն արժեքը, ինչի շնորհիվ էլ մենք կարողացանք հաղթել Արցախյան պատերազմում, արժանապատվության զգացումն ու երկրին իրեն տեր զգալու գիտակցումն է», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատգամավորը' սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշվող Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլորին, ով սիրում է անկախությունը , պայքարում է դրա համար և եռակի' նրանց, ով կայացրել է անկախությունը:

 

 

Նրա խոսքով' անկախության հիմքում քաղաքացին է, գաղափարական քաղաքացին: «Ցանկացած քաղաքացի գիտի, որ անկախությունն իր երեխայի համար լավ կոշիկ, սնունդ ու կրթություն է: Անկախությունն այն է, որ ապահով երկրում ես, որն ունի իրավական համակարգ, դատարան, և եթե քեզ ինչ-որ բան պատահի, դու կարող ես պաշտպանություն ունենալ»,- հավելեց պատգամավորը:

 

 

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը կդառնա 24 տարեկան: 1991թ սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունն «այո» ասաց Խորհրդային Միության կազմից դուրս գալուն և անկախ երկիր հռչակվելուն: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող շուրջ 2 մլն 200 հազար քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեց շուրջ 2 մլն 57 հազարը, այսինքն, քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախությանն «այո» ասաց շուրջ 2 մլն 43 հազար մարդ, «ոչ»' ընդամենը 0,46 տոկոսը: