Ռուսաստանը կարող է սկսել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարը համակարգել Պենտագոնի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Պենտագոնին և քննարկել ամերիկացիների առաջարկը՝ Սիրիայի տարածքում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործողությունները համակարգելու վերաբերյալ»,- հայտարարել է գեներալ-մայորը:
Կոնաշենկովի խոսքով՝ այդ առաջարկությունը կարող է իրագործվել, և դրա համար կպահանջվի «ճշգրտել տեխնիկական որոշ հարցեր»:
Նա հավելել է, որ մանրամասները կքննարկվեն արդեն այսօր՝ Պենտագոնի և ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչների միջև:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի հարցում փոխգործակցության վերաբերյալ փաստաթուղթ է պատրաստվում: