Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քաղաքական դաշտի ներկայացուցիչներին և հասարակության ակտիվ անդամներին հորդորում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչության ընթացքում չխեղաթյուրել իրականությունը և չվկայակոչել բաներ, որոնք գոյություն չունեն «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին Արծվիկ Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ հասարակությանը ներկայացվի բացառապես ճշմարտությունը, որովհետև շատ կարևոր է, որ քաղաքացին հանրաքվեի գնա գիտակցաբար:

 

 

«Կարևոր է, որ մեր քաղաքացին հանրաքվեի գնա գիտակցված, սահմանադրական փոփոխություններն ամբողջովին ընկալած : Ո՛չ «այո»-ի, ո՛չ էլ «ոչ»-ի կողմնակիցները իրավունք չունեն խեղաթյուրել այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են: Եվ միայն այս դեպքում մենք կունենանք հանրաքվեի վստահելի արդյունքներ»,- ընդգծեց Մինասյանը:

 

 

Պատգամավորը մեջբերումներ արեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքից՝ հստակեցնելով, որ օրենքը թույլատրում է քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց մասնակցել քարոզչությանը: «Որևէ սահմանափակում, որը նրանց համար նախատեսված է, չկա՝ ի տարբերություն ընտրական օրենսգրքով նախատեսված սահմանափակումների»,- հավելեց Մինասյանը:

 

 

Պատգամավորը նաև հավելեց, որ քարոզչության բոլոր հնարավորությունները և օրենքով քարոզչությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց իրավունքը պաշտպանելու համար «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է հավասար հնարավորություններ «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների համար: