Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում նռան մթերման հետ կապված խնդիրներ են առաջացել: Շոգ եղանակի պատճառով այս տարի նռան որակը բարձր չէ՝ նուռը մանր է, ինչն էլ խնդիր է առաջացնում շուկայում իրացման հետ կապված:

 

 

Վերամշակման ենթակա նուռը գործարանները չեն ընդունում, գյուղացիները ստիպված են թափել բերքը:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Գյուղատնտեսության նախարարի խոսնակ Անի Սմբատյանն ասաց, որ նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն արդեն հեռախոսազրույց է ունեցել այդ համայնքի ղեկավարի հետ և վերջինիս փոխանցել է «Նոյան» և «Արարատ» սննդի կոմբինատ ընկերությունների հեռախոսահամարները։

 

 

Խոսնակի տեղեկացմամբ՝ մյուս ընկերությունների հետ համագործակցում են, որպեսզի նրանք ևս մթերումներ իրականացնեն։ Այնուամենայնիվ նշում է, որ նախարարությունը որևէ լիազորություն չունի պարտադրելու կամ պահանջելու մթերող ընկերություններից կատարել մթերման աշխատանքներ։ «Մենք միայն հորդորում ենք, որպեզի իրենց հնարավորությունների սահմաններում ընդառաջեն գյուղացիական տնտեսություններին և մթերեն արտադրած պտուղ-բանջարեղենը: Նռան բերքը պետք է իրացնել տեղական շուկաներում ևս»- մեզ փոխանցեց Սմբատյանը։

 

 

Նկատենք, որ նախարարի տեղակալը բացառիկ մարդասիրություն է դրսևորել. նա համայնքի ղեկավարին փոխանցել է երկու ընկերության հեռախոսահամար: Այս լուսավոր դարում, իրոք, պետք է բարձր գնահատենք նախարարի տեղակալի բարի կամքի դրսևորումը: