Արշալույս գյուղի բոլոր ընտրողների անունից մի քանի տասնյակ արշալույսցիներ հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

 

«Ուրեմն՝ մեր «գյուղապետ» Զարզանդ Գրիգորյանը ձեռը փրփուրներին է գցում։ Հասկացել է, որ հողը ոտքի տակից փախչում է։ Հասկանալս ո՞րն է՝ բնազդաբար զգում է։ Երկու օրից գյուղապետական ընտրություն է, իսկ ինքն արդեն սկսել է հասկանալ, որ գյուղում էլ իրեն վստահող չկա, որ իրեն ընտրող չի լինելու։ Հիմա նոր-նոր սկսել է խոստումներ տալ։ Այսուայնտեղից լսած բաներ է ասում, խոստանում, թե իբր ոռոգման ջրի սակագին կիջեցնի և այլն։ Այդ մարդն ուղղակի գյուղապետի թեկնածու Աշոտ Սարգսյանի ծրագրից հատվածներ է գողացել ու ցանկանում է իբրև իր ծրագիր ներկայացնել։ Բայց ինքն էլ չգիտի՝ ինչի մասին է խոսում, ինչպես կարելի է հասնել բարձրաձայնվող հարցերի լուծմանը։

 

Կամ՝ ինչ էլ խոստանա Զարզանդը՝ չգիտե՞նք, որ դեկտեմբերի 7-ին մոռանալու է։ Նախորդ ընտրություններին էլ հանդիսավոր երդվում էր, թե գյուղի կուլտուրայի տունը վերանորոգելու է։ Բա ի՞նչ եղավ։ Կուլտուրայի տան դուռ-լուսամուտ քարով փակել է, որ հանկարծ մարդ չմտնի։

 

Զարզանդը երբեք էլ գյուղի, գյուղացիների մասին չի մտածել, այլ միմիայն ինքն իր մասին։ Գյուղի այգիների ոռոգման համար նախատեսված կիսախողովակները քանդել-տարել է իր սեփական տարածքներում գցել՝ շատ ու շատ համագյուղացիների զրկելով հողերը ոռոգելու հնարավորությունից։ Նույնիսկ պետական ծրագրով հողատերերին հատկացվող պարարտանյութը, վառելանյութը նա իրենով է անում։ Պետությունը կաշվից դուրս է գալիս, որ գյուղացուն պարկը 6 000 դրամով սելիտրա տա, Զարզանդը դա վերցնում է և իր մերձավորի խանութում 8-9 հազարով վաճառում իրական շահառուներին։

 

Ասում ենք միայն իր մասին է մտածում, բայց գյուղապետարանի աշխատողներն ասում են՝ մեկ էլ սիրուհին է աչքին գալիս՝ սվառչիկ Գագոյի աղջիկ Աննան։ Խեղճ Գագոն ստիպված էդ էրեխա աղջկան տնից դուրս շպրտեց։ Բացի հանգամանքների զոհ այդ աղջկանից, գյուղապետարանի ողջ անձնակազմն անհամբեր սպասում է, որ դեկտեմբերի 6-ի ընտրություններից հետո հրաժեշտ տա Զարզանդին։ «Եթե հանկարծ մի սատանությամբ դա պահպանեց իր աթոռը, մենք բոլորս դիմում կգրենք, գործից դուրս կգանք»,- միաբերան ասում են գյուղապետարանի աշխատակիցները։ Նրանք հայտարարում են, որ էլ չեն հանդուրժելու բռնակալ Զարզանդին:

 

Բավակա՛ն է, Զարզանդ, ա՛յ ինքնակոչ գյուղապետ։ Ինչպես օդից գնդապետի ուսադիրներ ես ստացել՝ հենց այնպես, ոչնչի համար՝ ոչ մի վաստակ չունենալով, երբեք չծառայելով, այնպես էլ «կպցրել ես» գյուղապետի պաշտոնն ու փորձում ես հավերժ վայելել։ Չի՛ ստացվելու։

 

Արշալույսը մերժելով մերժում է Զարզանդին։ Դեկտեմբերի 7-ից նա այլևս գյուղապետ չէ»։