Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Արքայական ակումբը» տնային խաղում 8:0 հաշվով հաղթեց «Մալմյոյին»:
Մադրիդցիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Քարիմ Բենզեման, պոկերի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:
Մեկնարկից 12 րոպե անց Բենզեման բացեց հաշիվը, իսկ 24-րդ րոպեին հեղինակեց իր երկրորդ գոլը: Առաջին խաղեսում «Ռեալը» երեք գոլի առավելություն ստացավ' Կրիշտիանու Ռոնալդուն 39-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը:
Երկրորդ խաղակեսում Պորտուգալիայի հավաքականի առաջատարը ևս երեք անգամ տխրեցրեց դարպասապահ Յոհան Վիլանդին (47',50', 59):
70-րդ րոպեին աչքի ընկավ Կովաչևիչը, իսկ չորս րոպե անց Բենզեման հաշիվը դարձրեց 8:0:
Պոկերի շնորհիվ Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: 2015/16 մրցաշրջանում պորտուգալացին խմբային փուլի 6 խաղում 11 գոլ է հեղինակել:
Նախորդ ռեկորդը (9 գոլ) պորտուգալացին կիսում էր «Շախտյորի» ֆուտբոլիստ Լուիս Ադրիանոյի հետ:
Մադրիդյան թիմը 16 միավորով գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը: