Ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշոուի՝ Հայաստանի մասին պատմող հաղորդումն արտասահմանում նկարված կատակերգություն չէր միայն: Դա մի պատմություն էր ընկերության և կարեկցանքի մասին՝ մի երկրում, որին այդքան քիչ տեղ է հատկացվում ամերիկյան հեռուստաընկերություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին pastemagazine.com-ում գրում է Լիզ Օհանեսյանը՝ անդրադառնալով Քոնան Օ'Բրայենի և նրա օգնականի՝ Սոնայի՝ Հայաստան կատարած այցելությանը:

 

«Ինչպես Սոնան, ես էլ ազգությամբ հայ եմ, սակայն երբեք Հայաստան չեմ մեկնել և Լոս Անջելոսն իմ տունն եմ համարում: Բոլոր նրանց համար, ովքեր կիսում են մեր այս ժառանգությունը, Հայաստանը մի ուղղություն է՝ եթե ոչ ապրելու, ապա գոնե այցելելու համար: Դա ֆիզիկական հայրենիքն է բոլոր նրանց համար, ովքեր գրեթե ոչնչացվեցին 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ»,- գրում է Լիզ Օհանեսյանը՝ պատմելով, որ «Քոնանը Հայաստանում» հաղորդումը պատմում է երկու միահյուսվող պատմություն: Մեկը Քոնանի պատմությունն է, ով մտնում է իր համար անծանոթ մշակույթ, իսկ մյուսը Սոնայի պատմությունն է, ով մեծացել է այդ մշակույթով, սակայն չի եղել այնտեղ, որտեղ իր արմատներն են:

 

Հաղորդման եզրափակիչ հատվածը Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունն է, որտեղ Սոնան Քոնանին պատմում է Ցեղասպանության մասին և չի կարողանում զսպել արցունքները, երբ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը: «Այս դրվագը որոշիչ նշանակություն է ունենում այցի առարկայացման համար: Դա բացատրում է, թե ինչու է առաջացել սփյուռքը, և թե ինչու է Հայաստան ուղևորությունը դարձել յուրօրինակ ուխտագնացություն ողջ աշխարհի էթնիկ հայերի համար»,- նշում է Օհանեսյանը: