Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին նվաստացնելու է Եվրամիությանը, սակայն վերջինս աչք կփակի դրա վրա, գրում է The Guardian-ի սյունակագիրը, Լոնդոն քաղաքային համալսարանի լրագրության պրոֆեսոր Ռոյ Գրինսլեյդը:

 

 

Նա Էրդողանին «ազատ մամուլի» թշնամի է կոչել՝  կապված Թուրքիայում վերջին իրադարձությունների հետ: Լույս շաբաթվա գիշերը Ստամբուլում Zaman ընդդիմադիր թերթի խմբագրության մոտ անցկացված ինքնաբուխ հանրահավաքը դաժանորեն ճնշել է ոստիկանությունը:

 

 

Ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառվել:

 

 

Այնուհետև ոստիկանությունը ներխուժել է խմբագրության շենք և դուրս հանել աշխատակիցներին: Պարբերականի գլխավոր խմբագիրը հեռացվել է աշխատանքից, իսկ կայքը՝ արգելափակվել:

 

 

«Թուրքիայի նախագահը անպատիժ կմնա՝ մամուլի վրա ճնշում գործադրելուց հետո, քանի որ նա պետք է Եվրամիությանը՝ փախստականների ճգնաժամը լուծելու համար»,- ասել է հոդվածագիրը: