Օրեր առաջ անսպասելի այցով Բաքու ժամանեց Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ Մամուլում որևէ կոնկրետ տեղեկատվություն չկա այն մասին, թե հենց ինչն է դրդել Ռոգոզինին՝ «Ռոսօբոռոնէքսպորտ» ռուսական սպառազինության հատուկ արտահանողի ու Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարության ներկայացուցիչների հետ միասին այդքան հանկարծակի այցելել Ադրբեջանի մայրաքաղաք։ Այս մասին Russia-armenia.info-ի կայքում գրում է ռազմական փորձագետ Իվան Կռիլովը:
Ռուսաստանի փոխվարչապետը բանակցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հնարավոր է՝ հիմնական, սակայն չհայտարարված թեմաներից մեկը դարձավ ռուսական զենքը ԻԼԻՊ-ի ձեռքն ընկնելու անթույլատրելիության հարցը։ Սխեման պարզ է. նախ այդ զենքը գնում են Թուրքիայում, իսկ հետո Թուրքիայի միջոցով այն հայտնվում է ահաբեկիչների ձեռքում: Բնականաբար, մամուլի համար պաշտոնական հաղորդումներում, որոնք առնչվել են Բաքվում Ռոգոզոնի բանակցությունների արդյունքներին, չի շոշափվել ռուսական սպառազինությունը Բաքվի միջոցով ահաբեկիչների ձեռքում հայտնվելու հարցը:
Գնելով ռուսական զենք՝ ադրբեջանական իշխանությունները չեն թաքցնում, որ այն նշանակված է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմի համար: Սակայն Բաքուն լռում է այն մասին, որ այդ զենքի մի մասը հայտնվում է ահաբեկիչների մոտ։ Բացի դրանից՝ Ադրբեջանի գնած զենքի մի շարք համակարգեր, օրինակ, «Սմերչ» համազարկի ռեակտիվ համակարգերն օգտագործվում են խաղաղ բնակավայրերի դեմ:
Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից հետո Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաներն աստիճանաբար սկսեցին հասկանալ, որ չեն արդարացել ժամանակակից զենքի տրամադրմանն աջակցելու միջոցով Ադրբեջանում իրենց ազդեցությունը մեծացնելու հետ կապված հույսերը։ Բաքուն ակտիվորեն մասնակցում է արևմտյան էներգետիկ բոլոր նախագծերին, որոնք ուղղված են ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածության թուլացմանը, իսկ ժամանակին գործը հասցրեց իր տարածքում՝ Գաբալայում, ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի դուրսբերմանը։ Այսօր Ադրբեջանի՝ մոտ 1500 քաղաքացի ԻԼԻՊ-ի զինված ջոկատների շարքերում պատերազմում է սիրիական կառավարական զորքերի դեմ։
Timeturk լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ադրբեջանցիները կազմում են «Մահմուտ» ջոկատի քիչ թե շատ մարտունակ մասը և պատերազմում են կառավարական զորքերի դեմ։ Չի բացառվում նաև այն, որ այդ զենքը կարող էր ահաբեկիչների ձեռքում հայտնված լինել նրանց միջոցով։ Բնականաբար, իսլամական պետության զինյալների օգտագործումը կապվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված առաջադրանքների հետ։
Բայց չէ՞ որ այդ մարդիկ կարող են վերադառնալ՝ արդեն իսկ փոխառելով ահաբեկչական գործունեության մեթոդները, և սկսեն տվյալ զենքը կիրառել իրենց պետությունում։
Ադրբեջանը ներկայումս հատուկ ուշադրության է արժանանում «Իսլամական պետության» կողմից։ Ահաբեկչական այդ կազմակերպության հետ Անկարայի կապերի բացահայտման ֆոնին Բաքուն դեռ մնում է ստվերում: Միևնույն ժամանակ Բաքվի ազգային անվտանգության համակարգում կադրային վերափոխումները նույնպես կապված են եղել ԻԼԻՊ-ի բանդաների անդամներին զենքի մատակարարումների հետ: Պետք է նկատել, որ ԻԼԻՊ-ի օրական եկամուտը կազմում է մինչև 3 միլիոն դոլար: Իսկ Բաքվի իշխանությունները սիրում են փողեր:
Պետք է ընդգծել, որ վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացել են արմատական խմբերը: «Ենի Մուսավաթի» տեղեկություններով՝ արմատականները, որոնք մեծ ցանց են ստեղծել Սումգայիթում, ձեռնամուխ են եղել զենքի գնումներին: Չի բացառվում, որ այդ զենքը ռուսական է։
Տվյալ փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Մոսկվան չպետք է զենք մատակարարի Բաքվին։ Համեմատության համար՝ 2010-2014 թվականներին Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են 4 միլիարդ դոլարի մի շարք խոշոր համաձայնագրեր: Բաքուն որոշել է գնել սպառազինության լայն շրջանակ. զենիթահրթիռային համալիրներ (S-300, «Տոր»-2ՄԷ), հրետանային ինքնագնաց սարքեր («Մստա-Ս»), ծանր հրնետ համակարգեր («ՏՈՍ-1Ա»), համազարկի ռեակտիվ համակարգեր («Սմերչ»), տանկեր (Տ-90Ս), զրահամեքենաներ և մոտ 100 մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներ և այլն։ Սակայն հայտնի չէ, թե Ադրբեջանը որքան զենք է վերավաճառել ԻԼԻՊ-ին։
Ռուսաստանը պետք է զգուշավոր մոտեցում որդեգրի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում։ Ընթացիկ պայթյունավտանգ իրավիճակում պետք է հարյուր անգամ մտածել և հետո նոր ստորագրել մատակարարման մասին պայմանագիր, քանի որ Բաքվի իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը։ Ադրբեջանում զենքի մաքսանենգությունը դարձել է շահութաբեր բիզնես։ Գործարքների ֆինանսական մասն իրականացվում է թուրքական բանկերի միջոցով։ Այնուամենայնիվ, կա ահաբեկիչների խմբի ձերբակալման փաստ, որը զենք է գնել Ադրբեջանում և կարողացել է այնտեղից այն հասցնել «Իսլամական պետության» ղեկավարությանը: Դրանից կարելի է եզրակացնել, որ երկրում բավականաչափ են բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնք պատրաստ են աջակցել միջազգային ահաբեկչական կազմակերպություններին: Ըստ ամենայնի, Ադրբեջանում զենքի սև շուկան գրավել է ԻՊ-ի ուշադրությունը։ Ի դեպ, Ադրբեջանում զենքի ապօրինի առևտրի մասնագիտությունը սկիզբ է առել երկրի անկախության առաջին օրերից։ Այն ժամանակ խորհրդային սպառազինության վաճառքը եղել է գերշահութաբեր բիզնես: Այժմ մարդիկ փորձ են կուտակել ու սկսել են վերավաճառել ռուսական զենքը։
Ակնհայտ է, որ նրա մեծ մասը հայտնվում է սև շուկայում, իսկ ԻԼԻՊ-ի զինյալները շատ պահանջված հաճախորդ են, որը մշտապես ունի բավականաչափ գումար։ Ակնհայտ է, որ Բաքուն չի վերահսկում զենքի առևտրով զբաղվող իր բոլոր քաղաքացիներին, և չկա երաշխիք, որ առանձին գեներալները չեն իրականացնում մահաբեր ապրանքի վաճառքի ամբողջական գործողություններ՝ միայն թե ավելի շատ գումար վաստակեն։ Նման բան արդեն քանիցս գրանցվել է վերջին տասնամյակում։ Իսկ «Իսլամական պետության» ղեկավարությունն ունի Բաքվի քաղաքական ղեկավարներին «գնելու» մեծ փորձ։
Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է հաստատել, որ ադրբեջանական ղեկավարությունը երկակի խաղ է խաղում։ Մի կողմից նա այդ սպառազինությունն օգտագործում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ մյուս կողմից թուրքական բանկերի միջոցով վերավաճառում է ԻԼԻՊ-ի զինյալներին։ Բայց չէ՞ որ Ռուսաստանի հետ պայմանավորվածության համաձայն՝ այդ զենքը պետք է ուղղվի ԻԼԻՊ-ի դեմ պայքարին, եթե վերջինս հարձակվի Ադրբեջանի վրա։
Այսպես թե այնպես, Ադրբեջանն ամենայն հավանականությամբ շուտով կճանաչվի որպես «Իսլամական պետության» զինյալների համար զենքի մատակարար ու արմատական կազմակերպությունների հովանավոր, եզրափակում է հոդվածագիրը: