Այսօր Պաշտպանության նախարարությունում լրագրողներին ներկայացվեց ապրիլի 2-ին խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի տվյալները և ձեռք բերված մի շարք այլ փաստաթղթեր, որոնք ապրիլի 1-ի լույս 2-ին կատարված իրադարձության վերաբերյալ որոշակի հարցերի պատասխաններ է տալիս։ 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ` ներկայացվեց կոնկրետ ապացույց, որ խոցված ուղղաթիռը եղել է MI-24G, կողային համարը՝ 305, որը ռուսական նույն ուղղաթիռի մոդերնիզացված տարբերակն է։

 

«Այն մոդերնիզացվել է Հարավաֆրիկյան հանրապետությունում և Ուկրաինայում։ Այն հնարավորություն ունի կիրառել հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ և Հարավաֆրիկյան հանրապետության կողմից արտադրված հրանոթ։ Որպես ապացույց՝ տվյալ ուղղաթիռի առաջնամասում առկա է խոցման միջոցների կիրառման համակարգը, որն աշխատում է և ցերեկային, և գիշերային պայմաններում»,- նշեց ՊՆ աշխատակիցը։

 

Ներկայացվեց նաև ուղղաթիռի օդաչուներից մեկի մոտից հայտնաբերված փոքր գրքույկ, որոնց մեջ գրառումներ են արված եղել.

 

«Դրանք արվել են 2016 թվականին մարտի 31-ին, որտեղ օդաչուն նշել է, որ թռիչքն իրականացնելու է կողային համար 305 ուղղաթիռով։ Սև արկղի վրա գրված է՝ օդաչուն պետք է իրականացնի թռիչք Բաքվի տարածքում գտնվող օդանավակայանից դեպի Քյուրդամի ռազմական օդանավակայան։ Հաջորդ օրը նախատեսված է եղել ռազմական օդանավակայանից թռիչք դեպի Ժդանովսկ քաղաքի մոտ։ Ներկայացված է եղել նաև օդաչուների կողմից կիրառվող քարտեզը՝ գաղտնիացված։ Տվյալ քարտեզի վրա օդաչուն նախօրոք թռիչքից մեկ երկու օր առաջ ստացել է խնդիրներ՝ մարտական թռիչք իրականացնելու համար։ Մարտական քարտեզի վրա նրանք ցույց են տվել ԼՂՀ տարածքում 9 նշանակետեր՝ առաջնագծից խորությունը սկսած 3 կմ-ից մինչև 10կմ։ Ամենահեռահար նշանակետը Ֆիզուլի քաղաքի հարավարևելյան մասն է եղել։ Ես, որպես օդաչու, կարող եմ ասել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր ըստ հերթականության՝ որպես օրվա խնդիրներ։ Որպես առաջին խնդիր տրված է եղել առաջանագծից մինչև 3 կմ խորությամբ առաջ գնալ, հետագա խնդիրների կատարման նպատակով մինչև 10 կմ խորությամբ ցամաքային զորքերին աջակցություն ցուցաբերել՝ կիրառվելով բանակային ավիացիա։ 


Օդաչուների մոտ ընդունված է թռիչք իրականացնելուց համագործակցել առաջնագծում գտնվող ավիանշանառումների հետ։ Պատրաստվել է մարտական քարտեզ, որտեղ նշված է եղել Լալալյագայի բարձունքը, որը եղել է մեր տարածքում։ Այսինքն՝ հակառակորդը բանակային ավիացիային խնդրավորել է պատրաստվել ամսի 1-ի լույս 2-ի  գիշերը իրականացնել հարձակվողական գործողություններ՝ ԼՂՀ հարավարևելյան մասում։ Հակառակորդ կողմը իրականացրել է նախնական գործողությունների կազմակերպում և կոնկրետ նշանակետերի ցուցում։ Օդաչուն թռիչքը իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում ունենալով հակատանկային և այլ միջոցներ չի կիրառել։ Նա կիրառել է միայն թնդանոթը, որի հեռավորությունը մեկ կիլոմետր է։ Օդաչուն ձգանը սեղմած պահել է մոտ երկու րոպե և հենց այդ վիճակում էլ ուղղաթիռը խոցվել է մեր տղաների կողմից։ Վերջում հավելեմ, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից 10 օր առաջ պլանավորվել է այս գործողությունը»,- մանրամասն ներկայացրեց ՊՆ աշխատակիցը։

 

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հավելեց, որ հակառակորդը նախապես պլանավորել է իրականացնել լայնածավալ ռազմական գործողություն, հակառակ դեպքում օդուժի ներգրավվածություն տեղի չէր ունենա։ «Ամեն ինչ հստակ պլանավորված է եղել։ Մեզ պետք է, որ ամբողջ աշխարհը իմանա այս մասին»,- ասաց Հովհաննիսյանը։