Նալբանդյան-Լավրով ասուլիսը ևս մեկ անգամ փաստեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։ Նշենք, որ ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսը տևեց շատ կարճ, անդրադարձներ չեղան կարևորագույն հարցերին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին, ադրբեջանցիների կողմից իրականացրած խոշտանգումներին, տարածքների հանձնման ռուսական պլանի և այլնի մասին։

 

Հարցին՝ ռուսական կողմը վերջին պահին որոշեց չխոսել տարածքների հանձնման և խաղաղապահ ուժերի տեղակայման իր նախնական պլանի մասին, Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Այո, դրա համար մի քանի գործոններ կային։ Նախ Ադրբեջանի պահվածքը, ով քառօրյա ճակատամարտից հետո գնաց մասնակցեց իսլամական կոնֆերանսին, որն իր մեջ պարունակում էր հակառուսականության տարրեր՝ ի դեմս Թուրքիա-Սաուդիան Արաբիա դաշինքի։ Ռուսաստանի կողմից չէր կարող չնկատվել Ալիևի հանդիպումը Ղրիմի թաթարների հետ, Ղարաբաղի մասով հայտարարությամբ ցույց տվեցին, որ հույսը կապում են Իսլամական պետության հետ։ Սրանք չէր կարող չնկատվել Ռուսաստանի կողմից։ Այդ ծրագիրը, փաստացի, ադրբեջանական շահերի բավարարման ծրագիր էր։ Մյուս խնդիրը ևս կար։ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ չմարող բողոքը, որն ստիպում է Ռուսաստանին զգուշավոր դառնալ։ Բայց այնպես չէ, որ Ռուսաստանը փակել է բոլոր դռներն Ադրբեջանի համար, որովհետև միայն այն, որ շեղում են թեման, չեն խոսում Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին, արդեն ամեն ինչի մասին ասում է։ Պետության կամ ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծելն ավելի լուրջ է, քան ռուսական ինքնաթիռի խոցումը։ Ռուսներն իրենց քոսոտ ինքնաթիռով արդեն մի քանի ամիս է աշխարհին զզվացրել են, բայց չգիտես՝ ինչու չեն հիշում, որ 2 շաբաթ առաջ մի ամբողջ ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծվեց։ Չխոսել դրա մասին, նշանակում է Ալիևին փրկել պատասախանատվությունից։ Այսօրվա ասուլիսում Ռուսաստանը և Լավրովը փորձեցին այս խնդիրների մասով Ալիևի շուրջ միջազգային պատասխանատվության մթնոլորտ չստեղծել։ ՀՀ արտգործնախարարությունն էլ մասնակից է այդ խաղին»։


Սաֆարյանի խոսքով՝ սա ևս մեկ անգամ ապացուցեց, թե Ռուսաստանն ինչպիսի խայտառակ դաշնակից է Հայաստանի համար. «Ղարաբաղյան հակամարտության հարցով Ռուսաստանը ցույց տվեց, որ Հայաստանի դաշնակիցը չէ»։

 

Շեշտենք՝ ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Կազանի փաստաթուղթը հայկական կողմը երբեք չի մերժել։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հաստատեց, ասելով՝ Ադրբեջանն է մերժում այդ փաստաթուղթը։ 

 

 Ք. Աղալարյան