ՀՀ ԶՈւ սահմանապահ զորամաս այցելեցին և մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար աչքի ընկած գումարտակի սպաներին ու զինվորներին պարգևատրեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Վարդենիսի և Սևանի տարածքի մի շարք համայնքների ղեկավարներ: Հանդիսավոր միտինգը բացվեց Տերունական աղոթքով և զորամասի հոգևոր սպասավոր Էդուարդ սարկավագ Սեփանյանի խոսքով: «Սիրելի հայ զինվորներ, հերոսները ծնվում են քաջասիրտ մարդկանց համարձակությունից: Դուք եք այսօրվա հերոսները: Ձեր մասին խոսելու են սերունդները, դուք աշխարհին ապացուցեցիք, թե ով է խիզախ հայը»,- մերօրյա քաջերին դիմեց զորամասի հոգևոր սպասավորը:

 

«Այսօր հաղթական օր է մեզ համար, մեր մարտական ընկերների համար, ովքեր պատվով ու փառքով ընդունեցին մարտահրավերը և հաղթանակած դուրս եկան կենաց-մահու գոտեմարտում: Գլուխ ենք խոնարհում մեր բոլոր մարտական ընկերների սխրանքների առաջ, ովքեր ընկան հայրենիքի պաշտպանության դիրքերում: Մենք, այո, կորցրեցինք մեր ընկերներին, բայց չկորցրեցինք ամենաթանկը՝ հայրենիքի սահմանները և պահպանեցինք մեր հողը, խոսքը և վճիռը: Շարունակենք լինել քաջ ու միաբան, որ կարողանանք ապահովել մեր սրբազան հողի տևական խաղաղությունը»,- ասաց Հայոց բանակի կրտսեր սերժանտ Հովհաննես Սարդարյանը:

 

«Մեր ժողովրդի ստեղծագործ ուղին հոգևոր լույսից է գոյացել: Թուրքը, ով դարեդար ձգտել ու ձգտում է մեր ոչնչացմանը, այս անգամ թերագնահատեց մեր ուժը: Այսօր մեր բանակը մեր գոյության գլխավոր գրավականն է, որը պիտի շարունակենք փայփայել մեր ձեռքերով, կրել մեր հոգում, ուժ ու զորություն տանք նրան: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք քաջ ու հրաշալի սերունդ, անկոտրում կամքի տեր սպաներ ու զինվորներ, ովքեր կռեցին հերթական փայլուն հաղթանակները: Կրկին փառք ու պատիվ ձեզ»,- Հայոց բանակի մարտիկներին դիմեց Եղեգնուտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարիամ Փիլաֆյանը:

 

«Սիրելի զինակից ընկերներ, մեր հավաքում ուզում ենք ոգեկոչել Տիգրան մեծին, ով ստեղծեց ծովից ծով Հայաստան, մենք ուզում ենք ոգեկոչել Վարդան Մամիկոնյանին, Սարդարապատի ճակատամարտի հերոսներին, Արցախյան գոյամարտի հաղթանակը կռողներին: Մենք պետք է արժանիորեն շարունակենք մեր հերոս հայրերի փառապանծ ուղին մեր քաջությամբ ու համախմբվածությամբ»,- ծառայակից ընկերներին դիմեց Հայոց բանակի կրտսեր սերժանտ Մուշեղ Սիմոնյանը:

 

Առավել հատու և հստակ էր Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կամսար Հարությունյանի խոսքը. «Մեր գումարտակն անթերի կատարեց իր մարտական հանձնարարությունը: Այսուհետ էլ մենք պատրաստ ենք մարտական ցանկացած հանձնարարության՝ հանուն մեր հայրենիքի պաշտպանության, հանուն խաղաղության, որը ձեռք է բերվում հայ զինվորի կռած հաղթանակներով»,- շեշտեց Կամսար Հարությունյանը:

 

«Սիրելի զինվորներ, բոլորիդ շնորհավորում եմ մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար: Ապրիլյան հերոսամարտերից ու հաղթանակներից հետո մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Հայաստանի անկախության տարիների ամենաթանկ նվաճումը Հայոց բանակն է: Թե Արցախյան գոյամարտի տարիներին, թե այժմ կռած հաղթանակները բոլորիս մեջ ամրացրին հայրենի հողն անառիկ պահելու գաղափարը: Դուք ապացուցեցիք, որ հայի ոգին հզոր է, հայ զինվորը՝ անպարտ: Նա սահմանի վրա անվրեպ խոցում է նավթադոլարներով ձեռք բերված ադրբեջանական տանկերն ու մարտական ուղղաթիռները և թշնամուն ապացուցում, որ իրեն ոչ մի ուժ չի կարող հաղթել: Թշնամու հարձակումն աշխարհով մեկ համախմբեց հայ ազգը, և ձեր թիկունքն այսօր ամուր է մեր համախմբմամբ: Ձեր կողքն են ողջ Գեղարքունիքի մարզը, Հայաստանն ու Սփյուռքը: Մենք հպարտանում ենք ձեզնով, խոնարհվում ձեր սխրանքների ու փառքի առաջ»,- իր խոսքը Հայոց բանակի մարտիկներին ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

«Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի անունից ձեզ եմ փոխանցում շնորհակալական խոսքերը՝ մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար: Դուք եք այսօրվա հերոսները, որ անվեհեր մարտնչել եք թե գիշերային, թե ցերեկվա մարտերում: Ոչ մեկդ չի նահանջել ոչ մի քայլ, ոչ մեկդ չի թողել մարտի դաշտը: Դուք ձեր հաղթական ու քաջարի գործողություններով համախմբեցիք մեր ժողովրդին, և ձեր հաղթանակը ոչ միայն կայացել է ռազմի դաշտում, այլ նաև ազգի ոգին բարձրացնելու և հզորացնելու ուղղությամբ: Այսօր մենք շատ ավելի հզոր ենք, քան մեկ ամիս առաջ»,- հանդիսավոր միտինգը եզրափակեց ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:

 

Միտինգի ավարտին զինծառայողները մարտական հանձնարարության ընթացքում ցուցաբերած արիության համար պարգևատրվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով և դրամով: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց հինգ, դրամով՝ քսան զինծառայողի: ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի պատվոգրով պարգևատրեց տասնհինգ և դրամով՝ քսան զինծառայողի:

 

Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը քաղաքապետի պատվոգրով պարգևատրեց տասնհինգ և դրանով՝ հինգ զինծառայողի: Ծովակի գյողապետ Գարիկ Հակոբյանը Ծովակի, Մեծ Մասրիկի, Ախպրաձորի, Լճավանի, Վանեվանի, Տորֆավանի, Տրետուքի, Նորակերտի և Արփունքի գյուղապետարանների կողմից դրամական պարգևներ հանձնեց տասներկու զինծառայողի: Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր և Լճաշեն համայնքների կողմից աջակցության կարգով զորամասին տրվեց երկու հարյուր զույգ կոշիկ և երկու հազար տուփ ծխախոտ:

 

Հանդիսավոր միտինգն ավարտվեց Եղեգնուտի միջնակարգ դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված ռազմահայրենասիրական համերգով, որի ժամանակ ռազմական պար բռնեցին գումարտակի հերոսացած զինվորները:

 

Խոսրով Խլղաթյան