Թվում էր, թե այս նախագահական ընտրությունների ելքը միանշանակ կանխորոշված էր, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթելու է, և ամեն ինչ աննախադեպ խաղաղ է ընթանալու: Բայց օրվա երկրորդ կեսից հետո սկսեց հասկանալի դառնալ, որ նույնիսկ Հայաստանի ընտրություններում անակնկալներ կարող են լինել: Որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար վտանգավոր մրցակից լինել այն չափով, որ կարող է դառնալ հերթական հաղթած, բայց այդ հաղթանակը պահպանել չկարողացող նախագահի թեկնածուն:

Երեկ գրեթե ողջ հանրապետության ընտրատարածքներում նախնական թվերով Ր. Հովհաննիսյանը բացարձակ առաջատար էր, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հրապարակվող նախնական ընդհանուր թվերով Ս. Սարգսյանի ձայները կրկնակի շատ էին: Եվ երեկոյան որևէ մեկը չէր կարողանում հասկանալ այդ թվաբանությունը: Իսկ երբ ողջ քաղաքական ու հասարակական դաշտը փորձում էր այդ հանելուկը լուծել, կեսգիշերին արդեն տեղեկություններ էին շրջանառվում, որ իշխանությունների ու Ր. Հովհաննիսյանի միջև հետագա քաղաքական գործընթացները պլանավորելու բանակցություններ են ընթանում:

Միաժամանակ նաև տեղեկություններ էին շրջանառվում, թե խոր «մանթրաժ» է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ճամբարում: Բանն այն է, որ այդ կուսակցությունը սկսել էր դեպի ՀՀԿ ու կոալիցիա իր վերադարձի գործընթացը, բայց եթե նույնիսկ Ր.Հովհաննիսյանը չհաղթի և մեծ տոկոսներով զբաղեցնի երկրորդ տեղը, ապա կոալիցիա տանող իրենց ճանապարհը կփակի, և գուցե հենց նրա ղեկավարած «Ժառանգությունն» էլ այդ տեղը զբաղեցնի: Եվ երեկ գիշերվանից արդեն քաղաքական նոր գործընթացները՝ բնականաբար, նաև առևտուրը սկսված էր: Իզուր չէ, որ ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը կեսգիշերից հետո հայտարարեց, թե՝ «Վստահ եմ՝ այսպես մենք միասին պատմություն կկերտենք, մեր պետության հաղթանակի պատմությունը»:

Երեկ քաղաքական շրջանակներում նաև խոսակցություններ էին շրջանառվում, թե այս ընտրությունների արդյունքները պլանավորողներն ի սկզբանե Ր. Հովհաննիսյանի համար երկրորդ տեղն էին նախատեսել: Իզուր չէր, որ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու նրա մյուս գործընկերները հանրության մեջ անընդհատ այդ տպավորությունն էին սերմանում: Պարզապես իշխանությունները չեն սպասել, որ Ր. Հովհաննիսյանն այդքան շատ ձայներ կհավաքի ու կգերազանցի թե՛ իրենց, թե՛ նույնիսկ «Ժառանգության» սպասելիքները: Իսկ այդ հանգամանքը հավանաբար ժխտեց վերջին տարիներին իշխանությունների կողմից անընդհատ բարձրաձայնվող այն տեսակետը, թե իրենք քանդել են անհանդուրժողականության պատը, իրենք բարեփոխումներ են իրականացնում և արդեն ապահով Հայաստան են ստեղծում:

Ր. Հովհաննիսյանի օգտին գրանցված ձայների քանակն ապացուցեց, որ իշխանությունների այդ քարոզչությունը ժողովրդի վրա որևէ ազդեցություն չի թողել, մարդիկ արդեն իմիտացիաների հետևից չեն գնում ու իրական փոփոխություններ են պահանջում: Եվ որ 2008 թ. արյունոտ ընտրություններից 5 տարի հետո էլ Հայաստանի ընտրողների մոտ պայքարելու ցանկությունը չի կոտրվել:

Իսկ ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած ընտրություններին, ապա այդ գործընթացները կրկին անցան խախտումներով: Ճիշտ է, արյուն չի թափվել, ընտրատեղամասերում աղաղակող լցոնումներ կամ ծեծուջարդ չի եղել, հանձնաժողովի անդամներ չեն առևանգել, բայց կազմակերպված ընտրակեղծիք տեղի է ունեցել: Եվ ընտրակեղծիքի մեքենան ավելի կատարելագործված է աշխատել այն առումով, որ դրա մեծ մասը բավական անաղմուկ կերպով տեղի է ունեցել ընտրատեղամասերից դուրս՝ շենքերում, բնակարաններում ու բակերում:

Եվ այդ մեխանիզմը հետյևալն էր՝ նախ ընտրություններին նախորդող օրը համատիրությունների նախագահներն ու թաղային հեղինակությունները, ովքեր հիմնականում իշխանությունների ներկայացուցիչներն են, տառացիորեն տուն առ տուն շրջել և մարդկանց զգուշացրել են գնալ ընտրությունների:

Առավոտյան գրեթե յուրաքանչյուր բակում տվյալ տարածքի բնակիչներին քաջածանոթ մեկը ընտրացուցակը ձեռքին հատ-հատ ցուցակագրել է, թե ով գնաց ընտրելու: Գնացողներին էլ ընտրատեղամասում սպասում էր այդ տարածքի մեկ այլ պատասխանատու, որն իր մոտ նշում էր, թե շենքից դուրս եկողը մտա՞վ ընտրատեղամաս: Օրինակ՝ «Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրատեղամասի մոտ սպասող պատասխանատուներն իրենց «ընտրողներին» կարմիր կամ այլ գույնի գրիչ են տվել, որ դրանով քվեարկի, հետո վերադարձնի իրեն՝ մեկ այլ ընտրողի տալու համար: Այդպիսով, այդ պատասխանատուները երեկոյան հաշվելու են, թե իրենց շենքի բնակիչներից ով է կատարել իր խոստումը:

Իսկ ընտրողներին կրկին ընտրատեղամասեր էին տեղափոխում գծերից հանված երթուղային տաքսիներով ու տաքսի ծառայությունների մեքենաներով: Եվ նման համատարած վերահսկողության պայմաններում քիչ ընտրողներ էին կարողանում ուշադրությունից դուրս մնալ կամ քվեարկել իրենց «խղճի մտոք»:

Այս անգամ որոշ տարածքներում նույնպես ընտրակաշառք է բաժանվել, աշխատել են վարչական, թաղային ու բարեկամական լծակները: Իսկ եթե դա էլ չի օգնել, արդեն ընտրատեղամասերում են փորձել որոշ շտկումներ անել: Օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Վահան Զատիկյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 8/06 ընտրատեղամասում քվեաթերթիկները հաշվարկելու ժամանակ նկատելի դարձավ, որ կարող է Ր. Հովհաննիսյանի ձայները Ս. Սարգսյանի ձայներից ավելի շատ լինեն: Հանձնաժողովի անդամներն ինչ-որ պահի սկսեցին դանդաղեցնել հաշվարկը: Իսկ հաշվարկելուց հետո նախ չհայտարարեցին թվերը, հետո անդամները առանձնացան մեկ այլ սենյակում, կարճ ժամանակից դուրս եկան և սկսեցին քվեաթերթիկները նորից տեղաշարժել, այսուայնկողմ տանել: Հետո Ս. Սարգսյանի վստահված անձը բավական աննկատ մի տրցակ քվեաթերթիկ վերցրեց Ր. Հովհաննիսյանի քվեաթերթիկներից ու մտավ կողքի սենյակը: Մինչ դա կհասցնեինք նկատել ու բարձրաձայնել, գողացված քվեաթերթիկներն արդեն ոչնչացվել էին: Իսկ հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Մարիտա Մկրտչյանը հակադարձեց, թե ինքը չի տեսել, իսկ մենք ուշ ենք նկատել:

Իսկ հաշվարկից հետո, երբ «Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը դուրս էր գալիս դպրոցից, դրսից նկատվեց, որ ՀՀԿ-ի անդամներն ու Ս. Սարգսյանի վստահված անձինք հարվածում են ՀԱԿ անդամ Էդուարդ Խրոյանին: Բայց երբ ներս մտանք՝ պարզելու համար, թե ինչ է կատարվում, քաշքշուկը միանգամից դադարեցրին և ասացին, թե նման բան չկա: Նույնիսկ ՀԱԿ անդամը հերքեց, որ իրեն քաշքշել ու հարվածել են:

Իսկ ուշագրավն այն էր, որ այդ ընտրատածքում Ս. Սարգսյանի վստահված անձ էր նույն Գագիկ Կիրակոսյանը, որը 2008 թ. կրկին նրա օգտին ընտրակեղծիքներ էր իրականացնում ու քաշքշուկ հրահրում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի