Ինչպես հայտնի է, ցանկացած պետության կյանքում հիմնահենքային նշանակություն ունի ազգային անվտանգության համակարգը, որի վրա էլ խարսխված է լինում պետության թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը: Հայաստանում, ինչպես և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, գոյություն ուն մի մարմին' «Անվտանգության խորհուրդ» անվամբ, որը, թեև երկրի կառավարման համակարգում ավելի շատ խորհրդատվական ֆունկցիաների կրող է, սակայն, ըստ էության, համակարգում է երկրի անվտանգության ոլորտն' իր ամբողջության մեջ ու դե ֆակտո հանդիսանում վերահսկողական կարևորագույն գործիք' երկրի բարձրագույն իշխանությունների ձեռքին. ԱԽ քարտուղարն երկրում իր ազդեցիկությամբ համարվում է 4-րդը' պետության ղեկավարից, ԱԺ նախագահից ու վարչապետից հետո: Սովորաբար այս պաշտոնին այս կամ այն անձի նշանակումը պայմանավորված է լինում մի շարք ներքին ու հատկապես արտաքին գործոններով. պետք է այնպիսի մեկին վստահել այս կարևորագույն աթոռը, որը ոչ միայն իր կենսափոձով ու անցած ճանապարհով կհամապատասխանի այս բարձր պաշտոնին, այլև դրականորեն կընկալվի աշխարհի ուժային կենտրոնների կողմից, ու այդ կենտրոններից ամեն մեկը տվյալ մարդուն կհամարի իրենը: Հայաստանի պարագայում, որը գտնվում է այնպիսի բարդագույն տարածաշրջանում, ինչպիսին Անդրկովկասն է, այս վերջին հանգամանքը, ինչ խոսք, առավել քան կարևոր է:

 

 

Հայաստանն այլևս ԱԽ նոր քարտուղար ունի. Արմեն Գևորգյանն է, ով հանրությանը բավական լավ հայտնի մեկն է, ու առանձին տողով նրա կենսագրությանն անդրադառնալու կարիք հաստատ չի լինի: Ինչ վերաբերում է նրա մասնագիտական ու աշխատանքային ունակություններին, ապա այդ առումով բավական դիպուկ է նախագահի հնչեցրած այն գնահատականը, թե գրեթե 20 տարի ճանաչում է Արմեն Գևորգյանին, և նա ոչ մի անգամ չի թերացել իր աշխատանքում: Իսկ հարցի պատասխանը, թե ինչու է Արմեն Գևորգյանը հավասարապես ընկալելի համարվում թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար, տալիս է նրա կրթական ցենզը, որը բավական խոսուն է. Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան մանկավարժական համալսարանի ասպիրանտ է, կրթություն է ստացել նաև Տվենտեյում և Հարվարդում:



Ինչպես վերը նշեցինք, բացի արտաքին հանգամանքներից' այս նշանակումն ունի նաև ներքին մի շարք ասպեկտներ, որոնք էլ հիմա կփորձենք դիտարկել առանձին-առանձին: Ինչպես հայտնի է, Արմեն Գևորգյանը այն պետական գործիչներից մեկն է, որի կարիերան իր ծաղկման գագաթնակետին է հասել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք. հանրության շրջանում նա արդարացիորենդիտարկվում է' Քոչարյանի կադր, ուստի' սխալված չենք լինի, եթե պնդենք, որ նրա' ԱԽ քարտուղար նշանակման գործում ամենևին էլ ոչ երկրորդական դեր է խաղացել Քոչարյանի գործոնը, որն, ինչպես հայտնի է, միշտ էլ տիրապետել է շատ կոնկրետ լծակների'երկրի ներսում սեփական ազդեցությունը մինչև վերջ պահպանելու համար. սեփական կադրերով պետական կառավարման համակարգը ողողելը,թերևս,այն հիմնական գործիքակազմերից է, որոնք թույլ են տալիս ոչ միայն պահպանել դրանում ունեցած երբեմնի ազդեցությունը,այլև ավելացնել այն. Արմեն Գևորգյանի նշանակումը հարկ է դիտարկել հենց այս դիտանկյունից:



Ասում են' կյանքում ոչինչ պատահական չի լինում: Ինչ խոսք, ասույթն այս հատկապես դիպուկ է ասված քաղաքականության համար, ուր տեղի ունեցող գործընթացներն ու դրանց հետևանքով առաջ եկած արդյունքները, որպես կանոն, չափազանց խորքային երևույթների հետևանք են լինում. ինչ խոսք' նման մի խորքային գործընթացի հետևանք էր նաև Սամվել Բաբայանի' Հայաստան վերադարձի փաստը, որը դիտարկել' պարզապես անձի հայրենսիրության արտահայտման արդյունք, միամտություն կլիներ: Մեր խորին համոզմամբ' ԱԽ նոր քարտուղարի նշանակման ու Բաբայանի' Հայաստան վերադարձի միջև եղող այսչափ կարճ ժամանակային ճեղքն ամենևին էլ պատահական չէ ու խոսում է երկրում ապագայում սպասվող միգուցեև անակնկալ զարգացումների մասին, որոնց մենք կրող ենք ականատես դառնալ 2017-ի ընտություններից հետո. Քոչարյանի' ակտիվ քաղաքականություն վերադարձի տեսական մասը գրեթե լուծված է, մնում է սպասել գործնական քայլերի, որոնց էլ, ամենայն հավանականույամբ, ականատես ենք դառնալու առաջիկայում... 



Դավիթ ԲԱԲԱՆՈՎ