Yerkir.am Տարեվերջին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնի է, չափազանց կոշտ քննադատության ենթարկեց գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը' նշելով, թե «թերարժեք վարչապետն» անթույլատրելի ճոխություն է երկրի համար: Տիգրան Սարգսյանը երկրորդ նախագահին արձագանքեց անմիջապես: Ամբողջությամբ անտեսելով Քոչարյանի քննադատության բուն առարկան' նրա կառավարման տարիներին, այսպես կոչված, «շինարարության փուչիկի» փչման և ապա պայթելու հետևանքով տնտեսական անկման պատճառահետևաքային կապերը՝ Տիգրան Սարգսյանը շեշտը դրել էր Քոչարյանի հայտարարության բարոյական կողմի վրա: Նա ոչ միայն խուսափեց վերահաստատել շինարարության ոլորտում «փուչիկային» քաղաքականության վերաբերյալ իր պնդումները, այլև չբերեց ոչ մի հիմնավորում, թե ինչո՞ւ է վարչապետի պաշտոնն ստանձնելուց նույնիսկ գրեթե 6 տարի հետո դեռ շարունակում սեփական ձախողումների մեղքը բարդել նախորդ կառավարությունների տնտեսական «ավերիչ» քաղաքականության վրա:

 

Բայց, պաշտպանվելու ոչ մի փորձչանելով, գործող վարչապետն առաջին հերթին հաստատեց երկու բան: Նախ' որ Ռոբերտ Քոչարյանի հետ, անգամ՝ վերջինիս 6-ամյա պաշտոնաթողության պարագայում, գտնվում են քաշային տարբեր կատեգորիաներում, և երկրորդ' որ այդ ժամանակահատվածը նա այդպես էլ չկարողացավ օգտագործել ոչ միայն քաղաքական դաշտում, այլև սեփական կուսակցությունում ու թիմում բավարար կշիռ ձեռք բերելու համար: Այս իմաստով վարչապետի անատամ պատասխանն առաջին հերթին մատնում էր նրա' քաղաքական հենարան և այդ պատճառով բավականաչափ համարձակություն չունենալու փաստը: Տիգրան Սարգսյանի՝ իբրև վարչապետի և քաղաքական գործչի, թերարժեքությունը, որը շեշտում է Ռոբերտ Քոչարյանը, մերկացվում է հենց այս հարթությունում: Վերջինս, փաստորեն, դնում է այդ որակներից զուրկ, իրականում որևէ բան փոխելու անընդունակ և իշխող կուսակցությունում բավարար վստահություն չվայելող վարչապետին հեռացնելու քաղաքական խնդիրը' փորձելով դրանում շահագրգռել նաև նախագահ Սերժ Սարգսյանին: Սա կարելի է համարել նաև ներիշխանական քաղաքական վերադասավորումներ իրականացնելու անուղղակի առաջարկ, որտեղ, բնականաբար, երկրորդ նախագահն ակնկալում է բոլորովին էլ ոչ երկրորդական դերակատարություն: Պատահական չէ, որ նա նման կոշտ քննադատությունը հնչեցնում է նախագահի կողմից կառավարության հրաժարականի հարցը օրակարգ բերելու ֆոնին, որի հնարավորության մասին Սերժ Սարգսյանն խոսել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 13-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ:

 

Դեռ 2011թ. սեպտեմբերին «Մեդիամաքս» գործակալությանը տված ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանը հստակ նշել էր, որ չի բացառում իր' մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը' նշելով, թե դրան կարող է գնալ երեք նախապայմանների առկայությամբ. «Առաջին' երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավման բացակայությունը, եւ, որպես հետեւանք, փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը, երկրորդ' հասարակության տարբեր շերտերի կողմից իմ' մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը, երրորդ իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը»:

 

Գործող վարչապետին, իսկ իրականում հանձին նրա ողջ իշխանությանն ուղղված իր վերջին քննադատական հայտարարության մեջ Քոչարյանն անուղղակիորեն հաստատում է, որ արդեն առկա է իր նշած նախապայմաններից առաջինը: Ահա, թե ինչու է նա իր արձագանքում խոսում թե՛ արտագաղթի, թե՛ հասարակությունում տիրող նիհիլիստական տրամադրությունների, թե՛ սոցիալական վիճակի վատթարացման մասին: Պարզ է, որ ինքնին նման խոսքով հանդես գալն ուղղակիորեն առնչվում է նրա երկրորդ նախապայմանին: Քոչարյանն իր արձագանքով հասարակական շերտերին ստիպում է համեմատել սոցիալ-տնտեսական այն իրողությունները, որոնք առկա էին իր իշխանության վերջին' 2006-07թթ. այն պատկերի և պայմանների հետ, որ առկա է հիմա: Պետք է նշել, որ ամանորյա սեղանների շուրջ ամենաքննարկվող թեմաներից մեկը հենց այդ համեմատություններն էին եւ երկրորդ նախագահի կոշտ հայտարարության հետապնդած նպատակներն ու ենթատեքստերը: Դրանք կարելի է համարել մեծ քաղաքականություն վերադառնալու հասարակական, դրանից ածանցված' նաև քաղաքական ու հատկապես ներիշխանական պահանջարկի ձևավորման առաջին քայլերը: Եվ միակ կետը, որի շրջանակում երկրորդ նախագահի կողմից դեռևս հստակ ուղերձներ չեն եղել, վերաբերում է վերջին նախապայմանին, այսինքն՝ այն հարցին, թե ինքը' Քոչարյանը, իրավիճակն արմատական ձևով բարեփոխելու ներքին համոզվածություն ունի՞, թե՞ ոչ: Սրա վերաբերյալ կարելի է առայժմ ընդամենը ենթադրություններ անել, թեև իրականում այս հարցի պատասխանը մեծապես կախված է հենց նրանից, թե որքանով հասարակությունն ու քաղաքական ուժերն իրենք պատրաստ կլինեն Քոչարյանի հնարավոր վերադարձն ընդունել օրինաչափ ու նույնիսկ նախընտրելի տարբերակ: Եթե Տեր-Պետրոսյանին դա հաջողվեց, ինչու չի կարող հաջողվել Քոչարյանին:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ