Բաքվում այսօր կկայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ նաև ռազմատեխնիկական ոլորտում:

Ինչպես ավելի վաղ գրել էին հայկական և ռուսական լրատվամիջոցները՝ Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակության գլխավոր նպատակներից մեկն է լինելու հստակեցնել ՌԴ դիրքորոշումը՝ կապված այս տարի Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ մատակարարելու հետ:

Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով Բաքու է ժամանել երեկ երեկոյան, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ռուսական Независимая Газета-ն դեռ երեկ գրել էր, որ, ենթադրաբար, քննարկման առանցքային թեման լինելու է ռազմատեխնիկական համագործակցությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ադրբեջանցի գործընկերները չափազանց բացասական են արձագանքել դեպքերի նման զարգացմանը»:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով թեմային, նշեց, որ հայկական կողմը ռուսական կողմին արդեն հայտել է իր ակնկալիքների մասին. «Կքննարկեն, նոր, ըստ այդմ՝ մենք մեր ասելիքը կասենք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով նաև, որ Հայաստանն այսօր էլ Ռուսաստանի հետ ունի շատ բարձր մակարդակով շփման հարաբերություններ, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցություն, որի արդյունքը ցուցադրվեց սեպտեմբերի 21-ին՝ Երևանում: «Մնացածը՝ թե ՌԴ փոխվարչապետ Դ. Ռոգոզինն ու Ադրբեջանի ղեկավարն ինչ կքննարկեն, ինչ կխոսեն, դա Ռոգոզինի ու Ադրբեջանի ղեկավարության խնդիրն է»,- ասաց նա՝ այլ մանրամասներից հրաժարվելով:

Ի դեպ՝ նշենք նաև, որ ադրբեջանցի ռազմական փորձագետ Նադիր Սակիթօղլուն հայտնել է, որ Բաքուն իրականում հանգիստ է վերաբերվել Հայաստանին «Իսկանդեր-Մ»-ը վաճառելու լուրին, քանի որ «Ռուսաստանն իրավասու է ինքնուրույն որոշել՝ ում և ինչ վաճառել», բայց միևնույն ժամանակ՝ նա հավելել է, որ ԼՂ հակամարտության համատեքստում Բաքուն իրավասու է Մոսկվայից երաշխիքներ ստանալ՝ առ այն, որ Երևանին փոխանցված տեխնիկան, ռեակտիվ համակարգերն ու այլ զինատեսակաները չեն հայտնվի Ղարաբաղում:

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 9-ին Համբուրգում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որին մասնակցում էին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Հանդիպումն ամփոփվեց համատեղ հայտարարությամբ, որտեղ եռանախագահող երկրները հիշատակում էին Ղարաբաղում ռազմական բախումը՝ ապրիլին, և կոչ անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ հարգել մայիսին՝ Վիեննայում և հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հորդորում ցուցաբերել ճկունություն և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ ներկա աշխատանքային առաջարկների հիման վրա կայուն խաղաղության հասնելու հստակ նպատակով։

«Քանի դեռ բանակցություններում առաջընթաց չկա, նոր բռնությունների հեռանկարը միայն մեծանալու է, և կողմերը կրելու են դրա ամբողջական պատասխանատվությունը»,- ասված էր հայտարարության մեջ։

Համանախագահ երկրները պատրաստակամություն էին հայտնել նաև կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, երբ նրանք պատրաստ լինեն։

Մեր դիտարկմանը՝ հայկական կողմը համառորեն չի համաձայնում նախագահների հանդիպմանը՝ Շարմազանովն ավելացրեց. «Թե չէ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի ուշքը գնում է այդ հանդիպման համար և նա կառուցողական բանակցություններին կողմ է»:

Ճշտող հարցին՝ մինչև տարեվերջ հնարավո՞ր է, այնուամենայնիվ, հայկական կողմը փոխի իր կոշտ դիրքորոշումն ու համաձայնի այդ հանդիպմանը, պատգամավորն ավելացրեց. «Այս պահին նախագահների հանդիպման հետ կախված որոշում կամ պայմանավորվածություն չկա»:

 Արմինե Եփրեմյան