Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզված է, որ իսլամն ահաբեկչության աղբյուր չէ, իսկ մուսուլմանական երկրների հետ համագործակցությունը ջիհադիզմի դեմ պայքարի համար պարզապես անփոխարինելի է: «Ալ-Ջազիրայի» հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ՝ քննադատելով մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելելու այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի փորձը:
«Կարծում եմ՝ ամենից առաջ այդ երկրները պետք է իրենց ներդրումն ունենան: Քանի որ միայն այդպես մենք կկարղանանք մարդկանց համոզել, որ իսլամը չէ ահաբեկչության աղբյուրը, այլ իսլամի թյուրըմբռնումը:
Ես ակնկալում եմ, որ իսլամական հոգևոր հեղինակությունները կգտնեն ինչ ասել՝ բաժանելու համար խաղաղ իսլամը և հանուն իսլամի իրականացվող ահաբեկչությունը: Մենք որպես ոչ մուսուլմաններ չենք կարող դա անել: Դա պետք է իսլամական հոգևորականությունը և իշխանություններն անեն»,- ասել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ թեև Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակում են բարդ մնալ, շատ կարևոր է շարունակել Մոսկվայի հետ համագործակցությունը ԴԱԻՇ-ի և մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Մերկելը նաև ընդգծել է միջազգային կազմակերպությունների՝ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ամրապնդման անհրաժեշտությունը: