Կիրակի Հորդանանում մեկնարկել են ԱՄՆ բանակի աջակցությամբ ամենամյա զորավարժությունները, որոնցում ներգրավված է մոտ 7 500 զինվորական 20 երկրից: Այս մասին հայտնում է Հորդանանի պետական հեռուստատեսությունը:

Մանևրերի հրամանատարը՝ Հորդանանի զինված ուժերի բրիգադային գեներալ Հալիդ աշ-Շարաան նշել է, որ «համատեղ ջանքերը, կոորդինացումը և փորձի փոխանակումն անհրաժեշտ են, երբ տարածաշրջանը բախվում է ահաբեկչության սպառնալիքին»:

Գեներալի խոսքով՝ 7-րդ անգամ Հորդանանում անցկացվող զորավարժություններին մասնակցում են ԵՄ-ի, Ասիայի, Աֆրիկայի և Պարսից ծոցի երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Քենիայի, Սաուդյան Արաբիայի բանակների ստորաբաժանումներ:

Զորավարժությունների ժամանակ, որոնք կտևեն մինչև մայիսի 18-ը, ներգրավված ստորաբաժանումները ամերիկացի զինվորականների ղեկավարությամբ կմշակեն մարտական գործողությունների ժամանակ սահմանների պաշտպանության, կիբերանվտանգության ապահովման միջոցառումներ, նաև տարբեր տեսակի զորքերի կոորդինացիա: