Թեհրանում կատարված երկու հարձակումների հետեւանքով զոհվել է 12 մարդ, եւս 42 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին ասված է Իրանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն՝ ճշտելով Թեհրանում տեղի ունեցած հարձակումների մանրամասները: Նշվում է, որ ահաբեկիչների երկու խմբեր միաժամանակ հարձակումներ են իրականացրել իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում եւ Իրանի խորհրդարանում: Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:30-ի սահմաններում: «Ներկայում երկու միջադեպերն էլ հանգուցալուծված են, իրադրությունը վերահսկում են անվտանգության մարմինների աշխատակիցները»,-նշվում է նախարարության հաղորդագրության մեջ, որը խոստացել է հրապարակել կատարվածի ավելի ամբողջական պատկերը:
ՆԳ նախարարության տվյալներով՝ ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած էր երկու մարդուց, ներխուժել է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկը ինքնապայթեցում է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում:
Չորս ահաբեկիչներից բաղկացած երկրորդ խումբը հարձակում է կատարել Իրանի խորհրդարանի վրա: Մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարք: Եվս երեք ահաբեկիչներ ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից: Իրանի ներքին գործերի փոխնախարարն ավելի վաղ հայտնել է, որ չորս հարձակվողները եղել են կանանց հագուստով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: