Երեկ Ազգային ժողովում բավականին հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ. արտահերթ նիստի հենց սկզբում «Հանրապետական» խմբակցությունը բավականին անհարմար վիճակի մեջ դրեց  վարչապետ Կարեն Կարապետյանին:

Արտահերթ նիստը ԱԺ-ն հրավիրել էր հենց կառավարության առաջարկով, որպեսզի քննարկեր բավականին կարևոր ու հետաքրքիր այնպիսի նախագծեր, ինչպիսիք են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման կամ 2017-2022թթ. սեփականաշնորհման ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը: Նիստի հենց սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց ընդունել նախագծերի քննարկման այնպիսի ընթացակարգ, որ յուրաքանչյուրի քննարկման համար հատկացվի 90 րոպե ժամանակ: Այդ ռեժիմին ընդդիմացան խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները՝ համարելով, որ նման կարևորագույն նախագծերի քննարկման համար այն շատ քիչ ժամանակ է: Իրականում կառավարությունը օրենքների նախագծերի համար նախատեսել էր օպտիմալ ժամանակ, սակայն ԱԺ-ում այդ մասին հիշեցնել կարծես թե որևէ մեկը հարկ չհամարեց: Դրանով իսկ, թեկուզ անուղղակի կերպով ՀՀԿ–ն «քցեց» սեփական վարչապետին:

Սակայն դժվար թե դա որևէ մեկի մոտ զարմանք առաջացնի, այդ թվում նաև՝ Կարեն Կարապետյանի: Վերջինիս համար նորություն չէ, որ խորհրդարանում նա չունի գեթ մեկ աջակից պատգամավոր, ով նման դեպքերում գոնե կփորձեր վարչապետին պարզերես անել: Թվում է, որ դա կարող էր անել Արփինե Հովհաննիսյանը, ով նաև Կարապետյանի թիմի անդամ է համարվում, սակայն ժամանակներն էլ ցույց տվեցին, որ Հովհաննիսյանը առաջնորդվում է իր շահերի նեղ շրջանակներով և բնավ չի պատրաստվում «փուռը գնալ» հանուն Կարապետյանի: Արդյունքում՝ Կարեն Կարապետյանը խորհրդարանի հետ հարաբերությունների հարցում հայտնվել է շատ անպաշտպան վիճակում: Սակայն Կարապետյանի համար այդ փաստը պետք է մտահոգիչ լինի ոչ թե օրենքների նախագծերի քննարկման և ընդունման ժամանակ, այլ՝ գլոբալ քաղաքական կշռի տեսանկյունից: Երկրի վարչապետը, երկրի իշխող կուսակցության առաջին փոխնախագահը խորհրդարանում հենարան չունի:

Ընտրություններում խաղարկելով Կարապետյանի հաղթաթուղթը, ՀՀԿ հետընտրական շրջանում այդպես էլ վարչապետի հենարանը չդարձավ: Ի դեմս ՀՀԿ խմբակցության՝ նա ստացել է մի մեծամասնություն, որի կեսը հանդես է գալիս տնտեսության ազատականացման բարեփոխումների ցանկացած առողջ նախաձեռնության դիմադրողի դիրքերից, և որտեղ ինքն անձամբ՝ մեծ ներկայացվածություն, հենարան չունի: Այսինքն՝ սա իշխանական կոնյունկտուրայի նույն՝ մեծամասամբ կոճակ սեղմողների թիմն է, որն արմատապես վերափոխելու «ռազմակոչով» Կարեն Կարապետյանը «ներխուժեց» ՀՀԿ վերնախավ: Սա փաստացի ոչ թե նրա, այլ գործող նախագահի մեծամասնությունն է, և այս հանգամանքը չի կարող չկաշկանդել դեռևս գործարար-վարչարարից քաղաքական ֆիգուր չդարձած Կարապետյանին, նրան գոնե նախնական փուլում չդնել Սերժ Սարգսյանից և նրա քաղաքական պլաններից ուժեղ կախվածության մեջ: Կարապետյանը, սակայն, ունի այս քաղաքական պատնեշը ճեղքելու մեկ հիմնական խաղաքարտ. Ռուսաստանի և ռուսաստանահայ գործարար էլիտայի կարծես թե անվերապահ աջակցությունը, որը ներհայաստանյան մակարդակում ձեռք է բերում քաղաքական կշիռ:

 

Ստելլա Խաչատրյան