Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը խոստացել է, որ երբ գա ժամանակը, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից: Այս մասին նա խոսել է թուրքական HaberTurk-ի լրագրողի հետ զրույցում:
Նիշանյանի հետ կապ հաստատած թուրք լրագրողը փորձել է հետաքրքրվել, թե արդյոք նա բանտից թույլտվությամբ է դուրս եկել, ինչին ի պատասխան լեզվաբանն ասել է. «Չեմ ցանկանում այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ: Մի փոքր վաղ է խոսել կատարվածի միջոցների և ձևի մասին: Թող ոչ ոք չկասկածի, որ երբ գա ժամանակը, ամենայն մանրամասնությամբ կպատմեմ կատարվածը: Սակայն դեռևս ժամանակը չէ»:
Խոսելով այն մասին, թե ինչու է նման որոշում կայացրել՝ 2014 թվականից ազատազրկման մեջ գտնվող լեզվաբանն ասել է. «Մտածեցի, որ 3.5 տարին արդեն բավական է, եկել է ժամանակը, երբ պետք է շունչ քաշել: Սա է ամենը: Նման պայմաններում որոշում կայացրեցի Թուրքիայի թերություններից օգտվելով դուրս գալ պետության վերահսկողության տարածքից»:
Նիշանյանի հետ հեռախոսակապ է հաստատել նաև թուրքական «Դողան» լրատվամիջոցը, ում մտավորականն ասել է. «Բանտում էի, բայց արդեն չեմ: Չեմ էլ մտածում այնտեղ վերադառնալ»: Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիայում է, թե արդեն դրա սահմաններից դուրս է եկել՝ Նիշանյանը նշել է. «Ես էլ չգիտեմ որտեղ եմ: Տարոսը բռնությանը զոհ գնացած բոլոր մարդկանց»:
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել: Նախնական տեղեկություններով՝ Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ հետ չի վերադարձել:
Ուշագրավ է, որ նրա թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում, որտեղ ասվում է. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»:
Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը: