Հայաստան-Սփյուռք համաժողովին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտաքին քաղաքականության օրակարգի վերաբերյալ քննարկման ժամանակ, Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանն ասաց, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները շփման գծում կայուն իրավիճակ ապահովելու համար:

Նա նշեց՝ շփման գծում իրավիճակը լիովին գտնվում և շարունակելու է գտնվել հայկական ստորաբաժանումների հսկողության տակ․ «Ցավոք, մենք չենք կարող բացառել մարդկային զոհերը։ Դա մեզնից կախված չէ, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ»,- ասաց նա:

Արտգործնախարարի հավաստմամբ՝ ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու համար։

«Չնայած հայկական երկու պետությունների` խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին, Ադրբեջանը շարունակ փորձում է հիմնահարցը լուծել հօգուտ իրեն՝ չխորշելով ռազմական ճանապարհից:

Իր բոլոր քայլերով, հատկապես 2016 թ ապրիլյան ագրեսիային հաջորդած ժամանակաշրջանում, Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը հակամարտության գործում, տապալում ցանկացած խաղաղարար նախաձեռնություն, հետևողական քայլեր ձեռնարկում՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, իր հասարակության մեջ տարածում է այլատյացություն և ռազմամոլություն»,- ասաց Միրզոյանը՝ ավելացնելով, որ դրանով իսկ Ադրբեջանը խորացնում է անվստահությունը հակամարտող կողմերի միջև և վտանգում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ողջ գործընթացը։