ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի երկրորդ օրը մեկնարկեց խառնաշփոթով: Քննարկման դրվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը:

ԵԼՔ-ը բոյկոտեց նախագծի քննարկումը,  «Ծառուկյան» դաշինքը նույնպես չմասնակցեց քվեարկությանը:

Ըստ ԵԼՔ-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ստեղծված իրավիճակում այս նախագիծը չի կարող անցնել առաջին  ընթերցմամբ. «Սահմանադրական օրենք է ընդունվում, որը չի կարող այս ձևով ընդունվել: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը չի մասնակցել, մենք չենք մասնակցել և, հետևաբար, եթե Արփինե Հովհաննիսյանի ձայնն էլ հաշվենք, ստացվում է 62 ձայն:  Չի կարող այս դատական օրենսգիրքն ընդունվել: Սա կեղծիք է: Ամբողջ աշխարհի աչքի առաջ էս մարդիկ կեղծիք են անում: Այնպես որ՝ այն, որ ասում են խորհրդարանական երկիր ենք, փոքրամասնություններին հնարավորություն ենք տալիս, հեքիաթ է, հեքիաթ. տենց բան չկա»,-ասաց Մարուքյանը: 

Մարուքյանը նշեց՝ «Այս հարցի լուծումը մնաց Նապոլեոն Ազիզյանի վրա»: 

Լրագրողները հետարքրվեցին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանից վերջինիս կարծիքը ստեղծված իրավիճակի մասին:

Աշոտյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նա խորհուրդ տվեց իրեն թողնեն հանգիստ աշխատել և արագ հեռացավ:

Նշենք՝ նիստերի դահլիճից հեռացած «Ծառուկյան» դաշինքն անցավ խմբակցությունում քննարկման: