Ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով այսօր՝ ապրիլի 6-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեղադրական ճառով հանդես եկավ գործով մեղադրող դատախազ Արա Մնացականյանը: Նա պահանջեց ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3.5, իսկ Անի Բաբելյանին` 2.5 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

Նշենք նաև՝ դատավոր Դավիթ Բալայանը, գործում ի հայտ եկած նոր հանգամանքների պատճառով, որոշում էր կայացրել վերսկսել դատաքննությունը: 

Հիշեցնենք, որ ծննդկան Մերի Մարգարյանը մահացել է 2015թ.-ի հուլիսի 29-ին, 2 օր անց էլ մահացել էր նորածին աղջիկը: Նշենք, որ գործով կա 2 ամբաստանյալ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Բախշյանը հղիությունը հսկած բժշկուհին է, իսկ Բաբելյանը՝ 2015թ.-ի հուլիսի 25-ի հերթապահը: