Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի պատասխանատուների կողմից կաշառք ստանալու գործով ամբաստանյալներին մեղսագրված արարքների կատարումը հիմնավորվել և ապացուցվել է քրեական գործի քննությամբ ստուգված և իրենց համակցությամբ գնահատված թույլատրելի, վերաբերելի, արժանահավատ և բավարար ապացույցներով: Այս մասին մեղադրական ճառում այսօր նշեց մեղադրող կողմը: Մեղադրանքը դատարանում պաշտպանում են մեղադրողներ Կ. Փիլոյանը և Մ. Գրիգորյանը:
Մեղադրող կողմն այսպիսով ապացուցված է համարում մեղադրանքն, ըստ որի' Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ի պաշտոնե 2012-2013թթ. ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Գևորգյանը նույն հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ակադեմիայի դիմորդ Էդուարդ Բարբարյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է' վերջինիս քննությունների արդյունքներն ակադեմիա ընդունվելու համար անցողիկ միավորներով ապահովելու միջոցով ակադեմիա ընդունելու համար 2012թ. ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի միջնորդությամբ ընդունել են Էդուարդ Բարբարյանի ծնողներից' Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրադյանից' առանձնապես խոշոր չափերի' 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը, իսկ 2012թ. մայիսին Խաչիկ Ազիզյանի միջոցով Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրադյանից ստացել են առանձնապես խոշոր չափերի' 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք:
Մեղադրող կողմը միջնորդեց Սվետլանա Գևորգյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ ասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, և նրան դատապարտել յոթ տարվա պայմանական ազատազրկման՝ հինգ տարվա փորձաշրջանով' 1.371.510 դրամի չափով գույքի բռնագրավմամբ:
Մեղադրող կողմը միջնորդեց Հայկ Փայասլյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ ասի 2-րդ կետով և նրան դատապարտել յոթ տարվա ազատազրկման' 1.371.510 դրամի չափով գույքի բռնագրավմամբ:
Խաչիկ Ազիզյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ կաշառքի միջնորդություն, և դատապարտել տուգանքի' նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Արայիկ Ֆահրադյանին և Արմինե Ենոքյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կաշառք տալը, և դատապարտել երեքական տարվա պայմանական ազատազրկման՝ մեկ տարվա փորձաշրջանով: