Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանի մահվան գործով այսօրվա նիստում իր մեղադրական ճառում մեղադրող Արիս Բարսեղյանը միջնորդեց մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման՝ 3 տարի ժամկետով զրկելով նրան մանկաբարձ-գինեկոլոգի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

 

Ըստ Ա.Բարսեղյանի՝ Վարուժան Մարդանյանի կատարած արարքը ապացուցված է և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին՝ մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Մեղադրողը միաժամանակ գտնում է, որ դատարանը պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնի այն, որ ամբաստանյալը հոգացել է տուժողի հուղարկավորության ծախսերը, տուժողի իրավահաջորդը նրանից բողոք և պահանջ չունի, ամբաստանյալի խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան նրա 3 երեխաները:

 

Երևանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, մեղադրողը հիմնավորված համարեց Վարուժան Մարդանյանին առաջադրված մեղադրանքը: Այն, ըստ մեղադրողի, հիմնավորվում է ամբաստանյալի խոստովանական ցուցմունքներով, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ Շիրակ Ասատրյանի նախաքննական ցուցմունքով՝ նա հրաժարվել էր դատարան ներկայանալ՝ խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները: Բժիշկ Վարուժան Մարդանյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքն, ըստ մեղադրողի, հիմնավորվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ: Մեղադրողը գտնում է, որ ամբաստանյալը կոնկրետ պահին չի գիտակցել և նախատեսել հնարավոր հետևանքները, թեև պարտավոր էր և կարող էր դա անել:

 

Մեղադրողը հիմնավորված համարեց մեղադրանքը, ըստ որի՝ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը՝ բժշկական կենտրոն ընդունելով Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:

 

4 երեխաների մայր, 43-ամյա Հրածին Մալխասյանը 18-20 շաբաթական հղիությամբ անցյալ տարվա հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, որտեղ վիժել էր, նրա մոտ սկսվել էր արյունահոսություն, վիրահատվել էր, ապա ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, արհեստական շնչառության ապարատով, տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատվել էր: Արյունահոսության պատճառով առաջացել էին արյան մակարդելիության լուրջ խնդիրներ, որոնք հանգեցրել էին աղիքների մեռուկացման, վիրահատության շնորհիվ արյունահոսությունը դադարել էր, սակայն 2-3 ժամ անց հիվանդը, վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով, մահացել էր:

 

Իր հերթին պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալը՝ նշելով, որ ընդունում է իր մեղքը և խնդրում դատարանին իր 3 անչափահաս երեխաների փաստը հաշվի առնել: Ամբաստանյալը նաև նշեց՝ «անհամեստություն չլինի, ես բազմաթիվ կյանքեր եմ փրկել»:

 

Հոկտեմբերի 7-ի դատական նիստում ամբաստանյալը հանդես կգա վերջին խոսքով:

 

«Փաստինֆո»