Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանագիր է կնքել Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ: Կվիրիկաշվիլիի խոսքով՝ EBRD-ի հետ պարտավորագիրը ձեւակերպվել է մի քանի շաբաթ առաջ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Բանկի հետ համագործակցությամբ նախատեսվում է օգնություն ցուցաբերել Ուզբեկստանի կառավարությանը պետական ու մասնավոր կառույցների միջեւ երկխոսության հարթակի ստեղծման գործում: Հիշեցնենք, որ վարչապետի կարգավիճակում Գիորգի Կվիրիկաշվիլին եղել է նաեւ Վրաստանի Ներդրողների խորհրդի նախագահը: 2012-2015 թվականներին Կվիրիկաշվիլին զբաղեցրել է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնը: Այնուհետեւ կարճ ժամանակով եղել է արտաքին գործերի նախարար: 2015 թվականի վերջից մինչեւ 2018 թվականի հունիսը նա գլխավորել է Վրաստանի կառավարությունը: