Lragir.am. Վրաստանի Գլխավոր դատախազությունը լրացուցիչ մեղադրանք է առաջադրել երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ, ինչը նախատեսում է 5-8 տարվա ազատազրկում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հետաքննությունը կապված է 2011 թվականի մայիսի 26-ի միջադեպի հետ, երբ ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեի գլխավորած բողոքի ակցիան ցրվել է ջրաշիթերով, արցունքաբեր գազով, ռետինե փամփուշտներով եւ մահակներով: Ցույցը ցրելու ժամանակ 4 մարդ էր զոհվել:
Դատախազության տվյալներով, Վանո Մերաբիշվիլին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնը, հրահանգել է ուժով դադարեցնել ակցիան: Նրա նպատակն է եղել բռնությունը, ահաբեկումը, հոգենական ու ֆիզիկական ճնշումը:
Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին ի սկզբանե ձերբակալվել էր իշխող կուսակցության համար ֆիկտիվ աշխատատեղեր ստեղծելու եւ Վրաստանի ՆԳՆ միջոցները վատնելու մեղադրանքով: