ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ հոկտեմբերի 4-ին ներկայացված փորձագիտական եզրակացություններին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ինչ-որ փորձագետների կողմից 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ԶԼՄ-ներով ներկայացված հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, զուրկ են որևէ հիմքից, և բացահայտ ապատեղեկատվություն են, որոնք հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեն։
 
«Ինչ-որ փորձագետները», ի դեպ, վարչապետի խորհրդականին կից աշխատանքային խմբի անդամներն են, որոնք պնդում էին, թե ուսումնասիրությունները բերել են այն եզրակացության, որ ամենաքիչը 10 տոկոսով հնարավոր է գազի սակագինը հենց այսօր նվազեցնել, իսկ էլեկտրաէներգիայի սակագները կարելի է իջեցնել ամենաքիչը 10 դրամով: Այս մասին, մասնավորապես, հայտարարել էր Էլեկտրաէներգիայի և գազի սակագների ուսումնասիրման հանձնաժողովի անդամ, էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը:
 
Ստացվում է ՀԾԿՀ-ն ակնարկում է, որ վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը, ասել է թե վարչապետը փորձում է մոլորեցնել հասարակությանը, այն պարզ պատճառով, որ սակագների իջեցման հնարավորությունները զրոյական են, և եթե դրանք լինեին ՀԾԿՀ-ն առաջինը կհայտներ այս «ավետիսը»: Սակայն չմոռանանք, թե տասնյակ տարիներ շարունակ իրականում հասարակության որ շերտի շահերն է սպասարկել Ռոբերտ Նազարյանի կառույցը, իհարկե Նազարյանը վաստակած հանգստի է անցել, սակայն որևէ այլ փոփոխություն՝ ո՛չ կառուցվածքային, ո՛չ բովանդակային առումով ՀԾԿՀ-ում տեղի չի ունեցել: Նույն նազարյանական կադրերն են և նույն գործելաոճը:
 
Ըստ էության ՀԾԿՀ կարծիքը հանրությանը առանձնապես չի հետաքրքրում, այսքան տարիների ընթացքում հանրության վրա ծանրացած սոցիալական ծախսերը կարող էին զգալիորեն թեթևանալ, եթե այս կառույցը մատը մատին խփեր և դեռ մեծագույն հարց է, ովքեր են հասարակությանը երկար ու ձիգ տարիներ մոլորության մեջ պահել: Զուր է ՀԾԿՀ-ն նման հայտարարություններով փորձում հակադարձել հասարակական պահանջին, իսկ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումն առաջին հերթին հասարակության պահանջն են և նոր միայն Փաշինյանի վարկանիշի ավելացմանը միտված քայլ կամ հրապարակում հնչեցրած խոստում: Եթե այսպես շարունակվի, ապա իրավապահ մարմինները պատահաբար կարող են պարզել, որ ՀԾԿՀ-ում ոչ միայն Նազարյանն էր թանկ վոյաժների և կոռուպցիոն սխեմաների մեծագույն սիրահար…
 
 
Ս.Խաչատրյան