Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կոչ-հորդորով դիմել է Գյումրիի ներկա եւ նախկին քաղաքապետներին՝ կոչ անելով դադարեցնել իրենց պատիվ չբերոս հայտարարությունները միմյանց հասեին:

Կոչ-հորդորում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Սամվել Բալասանյան եւ Վարդան Ղուկասյան, այս էլ քանի օր Հայաստանի լրատվական դաշտը եւ սոցցանցերը ողողված են ձեր' միմյանց հասցեագրված, վիրավորանքով լեցուն ելույթներով, դրանց մեկնաբանություններով, գնահատականներով, հոռետեսական կանխատեսումներով, որոնցից, ճիշտն ասած, լավ հոտ չի գալիս: Ում-ում, բայց ինձ, անկեղծ ասած, սրտամոտ չէ այս իրավիճակը, ավելին' ես խորը ափսոսանքով եմ հետեւում, թե ինչպես է երկու վաստակած գյումրեցիների անհաշտությունը դառնում ոմանց անառողջ հետաքրքրասիրության առարկան, ինչպես է ամբողջ երկրի աչքի առաջ ընկնում գյումրեցու եւ գյումրեցի իշխանավորի վարկը:

Ես մի քանի օր, զուտ տարիքիս բերումով, լռել եմ: Բայց կարծում եմ, որ սա այն իրավիճակներից է, երբ լռությունը ոսկի չէ: Ես չեմ կարող որպես այս քաղաքի մարդ եւ գյումրեցիների կողմից ընտրված պատգամավոր նստել ու սպասել, թե ինչով կավարտվի այս հակամարտությունը, որից , իմ համոզմամբ, ոչ ոք չի շահում: Չեմ կարող մարդկայնորեն հանդուրժել, որ մեր քաղաքի հոգսը անձնական, նեղ անձնական դաշտ տեղափոխեն 13 տարի այս քաղաքի համար աշխատած, քարը քարին դրած նախկին քաղաքապետը եւ նոր գաղափարներով ու ավյունով, քաղաքը վերակառուցելու ցանկությամբ գործն ստանձնած նորընտիր քաղաքապետը: Եվ ոմանց իզուր է թվում, թե լեզվակռվի ամեն մի փուլից հետո պատասխանողը շահում է, հասցեատերը' տուժում, մեկն ավելի դուխով է, քան մյուսը: Ոչ միայն իմ կարծիքն եմ հայտնում' ասելով, որ տուժում ենք ու խայտառակվում բոլորս: Հանիրավի ցեխոտվում է ամեն ինչ, ամեն անուն ու վաստակ եւ' իզուր:

Հարգելի նախկին եւ ներկայիս քաղաքապետեր, ես ձեզ կոչ եմ անում եւ խնդրում, որ վերջակետ դնենք արդեն ասվածին, թույլ չտանք չարակամին հեգնանքով խոսել մեր քաղաքի, մեր նամուսի ու թասիբի մասին: Անհամաձայնությունը չպետք է վերաճի թշնամության եւ թունավորի հուսահատ եւ մինչեւ կոկորդը հիասթափված գյումրեցու առանց այն էլ համ ու հոտից զուրկ կյանքը: Ես հաշտության եւ խաղաղության կոչ եմ անում' ի շահ մեր քաղաքի եւ բոլորիս»: