«Բնական է, որ այդ գործարարները կան, ինչ վերաբերում է Սերժի պատասխանին, ես դա բնական եմ համարում, իհարկե, նման կերպ պետք է պատասխաներ, որովհետեւ այսօր Ս. Սարգսյանը հենվում է ոչ թե ժողովրդական լայն զանգվածների, այլ հենց էդ օլիգարխների վրա և, բնականաբար, նա չէր կարող ասել ճշմարտությունը»,- մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ասուլիսի ընթացքում ՀՀԿ համամասնական ցուցակի վերաբերյալ տված գնահատականը, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Վերջինս հատկապես ուշադրությունը հրավիրում է օրենքի վրա' այս առումով նշելով. «Օրենքն արգելում է պատգամավորներին զբաղվել գործարարությամբ: Ես մի աստիճան վերև կբարձրանամ՝ Հայաստանում օրենքի երաշխավորը, ըստ Սահամանդրության, գլխավոր դատախազն է, մինչդեռ ամբողջ Երևանը՝ Հայաստանը, գիտի եւ խոսում է այն մասին, որ Աղվան Հովսեփյանի եղբայրը և´ պատգամավոր է, և´ «Շանթ» գործարանի տնօրենն է: Այսինքն' Աղվան Հովսեփյանը, պաշտոնական դիրքը չարաշահելով, հովանավորում է իր գործարար եղբորը»: Ըստ իրավապաշտպանի' պաշտոնական դիրքի չարաշահումը ենթարկվում է պատժի, սակայն ո՞վ պետք է քրեական գործ հարուցի Աղվան Հովսեփյանի նկատմամբ: «Մենք գալիս ենք' մտնում փակուղի»,- ասաց իրավապաշտպանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն խոսքին, որ ինքը երբեք չի ասել, որ Հանրապետական որևէ գործարար չի գալու խորհրդարան, բացի այդ, ըստ Սերժ Սարգսյանի, թեև փաստաթղթերով ամեն ինչ կարգին է' նրանք գործարար չեն, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն ասաց. «Այն, որ ինքը փաստաթղթերով ասում է, որ գործարար չեն, այսպես ասած, անհաջող փորձ է օրենքը շրջանցել, որը Հայաստանի պայմաններում չի անցնի, որովհետև, իրոք, փոքրիկ հանրապետություն է և բոլոր, այսպես ասած, խոշոր գործարարներին գիտենք դեմքերով, անուններով և մականուններով»:

Փայլակ Ֆահրադյան