Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ՍԴ-ն որոշեց 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի մասով ճանաչել սահմանադրության որոշ հոդվածներին հակասող և անվավեր: Սա ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի, քանի որ կալանավորումը չի կարող կիրառվել այնքանով, որքանով 135 հոդվածը որևէ երաշխիք չի նախատեսում, թեև Սահմանադրությունը նման երաշխիք նախատեսում է:

Այժմ հնարավոր է իրադարձությունների զարգացման երկու սցենար: Կամ իշխանությունը պետք է սահմանի ՍԴ «խափանման միջոց»՝ հայտարարելով ՍԴ որոշումը չճանաչելու մասին: Կամ պետք է ընդունի այս որոշումը, որը, ի դեպ, բեկանման ենթակա չէ: Երկրորդ տարբերակը քիչ հավանական է թվում, քանի որ արդեն իսկ իշխանական ճամբարից մինչ որոշման հրապարակումն էլ հնչում էին հայտարարություններ, որ իշխող քաղաքական թիմը չի ընդունի ՍԴ որոշումը, եթե այն իրենց սրտով չլինի: Իհարկե, կա այլ իրականություն, որի հետ քաղաքական թիմը պետք է հաշվի նստի, իսկ իրականությունը հետևյալն է՝ ՍԴ-ն «օրենքից դուրս» դնելու դեպքում սկսվելու է հակամարտության նոր փուլ, որտեղ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը կապված են լինելու. նոր խնդիրները Վենետիկի հանձնաժողովի հետ Փաշինյանի պլանների մեջ չեն մտնում, իսկ այդ խնդիրները կլինեն, եթե Փաշինյանը փորձի ճնշում բանեցնել ՍԴ-ի վրա: Այս որոշման արդյունքում, իհարկե, էականորեն տուժելու է իշխանությունների վարկանիշը, ավելին՝ Փաշինյանը կարող է կորցնել նաև ռադիկալ տրամադրված հանրային շերտի աջակցությունը, քանի որ այդ շերտն օբյեկտիվ մեղադրանք է ներկայացնելու վարչապետին, առ այն, որ հակահեղափոխան ՍԴ-ի հարցը մինչ օրս լուծում չի գտել:

Ի դեպ, որքան էլ որ տարօրինակ չհնչի, սակայն ՍԴ-ի այս որոշումը ձեռնտու է նաև հենց իշխող քաղաքական թիմին: Այն, որ գործը ջուր է, և երկրորդ նախագահը վաղ թե ուշ ազատվելու էր կալանքից, ակնհայտ է: ՍԴ-ի ձեռքով Քոչարյանին ազատելով՝ Փաշինյանը ազատվում է լուրջ գլխացավանքից, իսկ ցանկացած մեղադրանքի դեպքում կարող է մեղքը բարդել «հակահեղափոխական» ՍԴ-ի հերթական սաբոտաժի վրա: Իհարկե, հնարավոր է դիտարկել իրադարձությունների զարգացման մի շարք սցենարներ, սակայն մի բան աներկբա է, որ ՍԴ որոշումը դառնալու է ներքաղաքական իրավիճակի նոր էջ: