Անհայտ անձինք ձեռքի նռնակ են նետել Պակիստանի խոշորագույն Կարաչի քաղաքի մասնավոր դպրոցում: Մարտի 30-ի ահաբեկչության հետեւանքով զոհվել է տնօրենը, յոթ աշակերտ վիրավորվել է:

«Վեչերնյայա Մոսկվան» հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ աշակերտների մեծամասնությունը հավաքվել էր գնահատկաններն իմանալու: Զոհված տնօրեն Աբդուր Ռաշիդը «Ավամի» ազգային կուսակցության անդամ էր եւ մինչ հարձակումն արդեն ստացել էր սպառնալիքներ: Այս շաբաթ Պակիստանի ՆԳՆ-ն նախազգուշացրել էր ահաբեկչական խմբավորումների հավանական աշխուժացման մասին՝ երկրում կայանալիք ընտրությունների նախաշեմին, որոնք պետք է տեղի ունենան մայիսի 11-ին:

«Չինական տեղեկատվական կենտրոնը» հայտնում է, որ վիրավորվել են յոթ երեխաներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երեքն օրհասական վիճակում են: