Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց, որ զեկույցում ասված է. «Հանրային հեռուստաընկերությունը հիմնականում ապահովել է քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների վերաբերյալ տեսակետների ներկայացումը լրատվական թողարկումներում եւ հարցազրույցներում: Քաղաքական հարցազրույցի ժանրի հաղորդումներից մեկում իշխանության ներկայացուցիչները հյուրընկալվել են մոտ 42 անգամ, իսկ ընդդիմությունը՝ 4-5»:

Իշխանափոխությունից առաջ ընդդիմության քննադատության թիրախում հայտնվում էր հատկապես հանրային հեռուստաալիքը, բազմաթիվ անգամներ ամենաբարձր ամբիոնից այն մարդիկ, որ երեկ ընդդիմություն էին, իսկ այսօր արդեն իշխանություն, հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանը և նրա թիմը օկուպացրել են հանրայինը, բյուջեի փողերով անում են միայն սեփական քաղաքական փիառը, իսկ ընդդիմության համար Հանրայինի դռները փակ են, խոսափողն էլ՝ անջատած: Փաստացի, հեղափոխությունից հետո, ինչպես ընդդիմադիրներն են սիրում ասել՝ Սերժի ժամանակը չի փոխվել և առնվազն Հանրայինով իշխանություն-ընդդիմություն կարծիքների ներկայացման համամասնությունը նույնն է: Այդ մասին են վկայում նաև նախորդ տարիների մոնիտորինգի արդյունքները: Հեղափոխությունից հետո էլ Հայաստանում ընդդիմության ձայնը խլացվում է: Օրինակ, ինչպես է ստացվում, որ Հանրայինը մի գեղեցիկ ռեպորտաժ չի պատրաստում և հասարակությանը չի տեղեկացնում իշխանական թևին վերաբերվող բացահայտումների մասին, կամ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակների և վերջինիս աջակիցների՝ YouTube-յան ալիքների միջոցով կեղծիք, զրպարտություն և թշնամանք տարածելու վերաբերյալ հետաքննությանը:

Փաստենք, որ հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը հեղափոխությունից հետո էլ շարունակում է հանրությանը մատուցել կողմնակալ, ոչ օբյեկտիվ և միակողմանի տեղեկատվություն, ներկայացրել միայն իշխանահաճո դիրքորոշումներ, անտեսել դրանցից տարբերվող տեսակետները և կատարել իշխանության քարոզչամեքենայի գործառույթ՝ ընդհուպ խախտելով անձի անմեղության կանխավարկածը: