Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի տարածաշրջանում: Ձերբակալվել է Կենտրոնական Ասիայից սերած անձ, ով ցանկացել է պայթյուն իրականացնել կառավարական շենքերից մեկում: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով Անվտանգության դաշնային ծառայությանը:
«Մայրաքաղաքային տարածաշրջանում կանխվել է ահաբեկչական ակտ: Ձերբակալվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից սերած անձ՝ ծնված 1999 թվականին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հետաքննության տվյալներով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ցուցումով նա պատրաստվում էր ինքնաշեն ռումբ պայթեցնել իշխանության մարմինների շենքերից մեկում:
Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով հետագայում երիտասարդը նպատակ է ունեցել գնալ Մերձավոր Արևելք և կռվել ահաբեկիչների շարքերում: Նրա թաքստոցում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբի բաղադրիչներ: Հայտնաբերվել է նաև նրա նամակագրությունը գրոհայինների հետ, պայթուցիկ նյութը պատրաստելու ցուցումները, ինչպես նաև ահաբեկիչների ղեկավարներին երդում տալու տեսանյութը: Թե որտեղ և երբ է նա պլանավորել իրականացնել պայթյունը, չի հստակեցվում: