Երևանի ավագանու ընտրություններն արդեն իսկ կարելի է մեկնարկած համարել: Մասնակից կուսակցությունները ոտքի են հանել պահեստազորային բոլոր ուժերը՝ ընտրություններն ինչպես հարկն է կազմակերպելու նպատակով:

«Արդեն զզվացրին՝ է՛լ գործի տեղից են ասում՝ թե անպայման Տարոնին կընտրեք, ընտանիքի անդամների թիվ են հարցնում, քանի ձեն կարանք բերենք, է՛լ տարածքից են նույնը անում…»,-այսօր վրդովված պատմում էր մեր զրուցակիցը: Հասկանալով, որ ցանկացած ակնարկ կարող է վնաս պատճառել ընտրությունների իրական պատկերը բացահայտող մարդկանց, ընդամենն ասենք, որ մեր զրուցակցի աշխատանքը կապված էր հասարակական տրանսպորտի հետ: Քանի որ հասարակական տրանսպորտը գտնվում է Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության ենթակայության տակ, ըստ այդմ՝ դրա հետ կապակցված բոլոր մարդկանց՝ գծատերեր, վարորդներ, «դիսպեչերներ», այս օրերին հրամայվել է անհրաժեշտ քանակությամբ ձայներ ապահովել Տարոն Մարգարյանի համար:

Ճիշտ է, քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն, ինչպես հայտնի է, դա բոլորովին չի խանգարում մեր քաղաքական ուժերին՝ լծվել սեփական թիմի քարոզչության աշխատանքին:

Ի տարբերություն նախագահականի՝ այս ընտրությունները, դատելով անդրկուլիսային բանակցություններում շրջանառվող թվերից, անհամեմատ շռայլ ընթացք են խոստանում: Ֆինանսական հոսքերի ներգրավմամբ ընտրողների բարեհաճությանն արժանանալու տեսանկյունից հիմնական մրցակցությունն ընթանալու է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Նախնական շեմը, ըստ վերջին տեղեկությունների, 15 000 դրամն է: Եթե Սերժ Սարգսյանի համար ՀՀԿ-ականները հազիվ 5000 դրամ էին առաջարկում ընտրողներին, ապա Տարոն Մարգարյանի վրա որոշվել է խնայողություն չանել: Նույն պատրաստակամությունը նկատելի է նաև ԲՀԿ թիմում: Հենց այս աննախադեպ մրցակցությունն էլ ենթադրել է տալիս, որ «կոնը»՝ քվեարկության օրվա մոտենալուն զուգընթաց կարող է նկատելիորեն աճել:

Այս օրերին երկու կուսակցությունների հիմնական գործը «ինվենտարիզացիան» է. ճշտվում և մաքրվում են տարիներ շարունակ ճշտված և մաքրված ցուցակները: Ժամանակի հետ մեր քաղաքական ուժերն ավելի շրջահայաց են դարձրել: Հենց այդ շրջահայացությունն էլ օգնում է վերջիններիս՝ զերծ մնալ ընտրակաշառք բաժանելու, մարդկանց պարտադրելու և համանման այլ հանցանքների մեջ մեղադրվելուց:

Այսպես, մեր զրուցակիցը պատմեց, թե արդեն բնակության վայրում ՀՀԿ շտաբ է ներկայացրել տարածքի ակտիվիստների ցուցակը, որտեղից միանգամից մի 20 հոգու անուն ջնջել են՝ ասելով, որ «դրանց փող չի հասնում, քանի որ փողը վերցնում, բայց ուրիշին են ընտրում»:

Թե ինչպես է ՀՀԿ-ն հաջողացրել նման միկրոսկոպիկ ճշգրտումներ իրականացնել և առանձին ցուցակագրել նաև բոլոր անհուսալի տարրերին, դժվար է ասել, սակայն, դատելով նախազգուշական միջոցառումներից՝ կուսակցությունները, ճիշտ է, պատրաստ են գնալ շռայլությունների, սակայն շռայլ վարձատրության են արժանանալու միմիայն փորձության բովով անցած և իրենց արդարացրածները՝ նրանք, ովքեր տարիներ շարունակ բարեխղճորեն վերցրել են ընտրակաշառքը և ընտրել հենց այն թեկնածուին, ում համար որ նախատեսվել էր «կոնը»:

Լուսինե Կեսոյան