ՃՈ աշխատակիցները երթեւկության կաննոները խախտած 28-ամյա Գարրի Ավագյանին տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, այնտեղ իրարանցում է սարքել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 28-ամյա Գարրի Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու պատճառով ՃՈ աշխատակիցների կողմից իր սթափության վիճակը պարզելու համար տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոնի ընդունարան, որտեղ բհարբած վիճակում շուրջ 15-20 րոպե խախտել է հասարակական կարգը, չի ենթարկվել «Հրազդան» ԲԿ աշխատակիցների օրինական պահանջներին' հրաժարվելով ենթարկվել սթափության վիճակի զննությանը:

Անհասցե հայհոյանքներ տալով եւ աղմկելով, նա քաշել եւ պոկել է ընդունարանի շերտավարագույրը, կոտրել է ընդունարանի հեռախոսը, ձեռքով եւ ոտքով հարվածել եւ վնասել է ընդունարանի ու միջանցքի պատերը' «Հրազդան» ԲԿ-ին պատճառելով 76 հազար ՀՀ դրամի նյութական վնաս:

Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 2-րդ մասով' խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռնալը: Գործը դատարան է ստացվել ապրիլի 3-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: